Գլխավոր / Բանտ / Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում «դուրս գալ կրավորական թմբիրից»

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում «դուրս գալ կրավորական թմբիրից»

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը երեկ «Արմավիր» ՔԿՀ֊ից հայտարարություն է տարածել, որով ուշադրություն է հրավիրում «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների անժամկետ հացադուլի վրա և կոչ է անում ակտիվ քաղաքացիներին «սթափվել և կրավորական թմբիրից դուրս գալ»։

«Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:

Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի և ծույլ հանգստի ընթացքին անձնատուր: Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր:

Հիմա էլ նույն անտարբերությունն է։ Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել և ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ: Մի՞թե հասել ենք գիտակցության մթագնման և արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է», ֊ գրում է Սեֆիլյանը։

Նշենք, որ Բարսեղյանը հացադուլի մեջ է արդեն 14 օր, իսկ Բիլյանը՝ 22 օր։ Նրանք պահանջում են իրենց տեղափոխել Արմավիր ՔԿՀ։ Բիլյանը պահանջում է նաև պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել՝ անհաժեշտության դեպքում տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Արայիկ Խանդոյանն ի համերաշխություն Բիլյանի և Բարսեղյանի միացել է հացադուլին դեկտեմբերի 29-ին։