Գլխավոր / Կրթություն / Երաժշտական և արվեստի դպրոցներում վարձը թանկացել է․ ՀԺ

Երաժշտական և արվեստի դպրոցներում վարձը թանկացել է․ ՀԺ

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից բարձրանալու են: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Դեռ նախորդ տարեվերջից քաղաքապետարանի ավագանին քննարկում էր, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետ ավելի շատ են վճարելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները:

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից փոխանցված տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները նախկինում եղել են 3 000-12 000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երևանի հաշվառում ունեցող ծնողների երեխաների համար այդ վարձավճարը կազմում է 8 000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում՝ 8 000-17 500:

«Եթե ես երկու երեխայի համար յուրաքանչուր ամիս վճարում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումարած դրան, եթե երկու ամսվանը հիմա ՝ նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կարծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էական չլինի»,- թերթին ասել է երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա դստրերը հաճախում են Երևանի արվեստի դպրոցներից մեկը։

«Հիմա երբ որ նմանատիպ փոփոխություն է լինում, շատերը կարող են ուղղակի դուրս գալ, որովհետև եթե վճարում էին 4 հազար դրամ, ինչ-որ մի առարկայի համար (կարծեմ նկարչությունը այդքան է), հիմա միանգամից 8 հազար դրամ է բարձրացվել: Ու այդ պատճառով տուժելու են նաեւ դպրոցները»,- նկատել է Հռիփսիմե Ավագյանը՝ արձանագրելով, որ մեր երկրում և ոչ մի ոլորտում հնարավոր չէ ապագան պլանավորել․ մի օր էլ կարող ես արթնանալ ու պարզել, որ քեզ առնչվող նոր որոշումներ են ընդունվել: