Home / Շուկա / Գերիշխող դիրք․ ինչու են Բագրատաշենում բողոքում ԱՊՊԱ գործակալները

Գերիշխող դիրք․ ինչու են Բագրատաշենում բողոքում ԱՊՊԱ գործակալները

Հայ֊վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետի մոտ, ապահովագրական գործակալները երկու օր է՝ բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ անհավասար մրցակցային պայմանների։ Ըստ բողոքի մասնակիցների՝ «Նաիրի ինշուրընս» ընկերության հետ փոխկապակցված «Թոփ֊Սփին» նորահայտ ընկերությունը տարածք է վարձակալում անմիջապես մաքսատանը և այդ փաստը «Թոփ֊Սփին»֊ին գերիշխող դիրք է տալիս։

Ապահովագրողները Aravot.am-ին հայտնել են, որ «Թոփ-Սփին»֊ի տնօրենը «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի ղեկավարի կինն է:

«Նախագահն անձամբ հայտարարեց մաքսակետի բացման ժամանակ, որ այն ծառայելու է բացառապես մաքսային ծառայությունների համար։ Ի՞նչ փոխվեց էսօր։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ դեռ այս գաղափարը ունեին, ուղղակի մտածեցին՝ դեմը ընտրություններ են։ Էդքանը հասկանում ենք։ «Նաիրի ինշուրընսը» Ռոբերտ Քոչարյանի անձնական սեփականությունն է։ 10 տարի երկիրը կերավ, չկշտացավ, հիմա նորից եկել ա։ Թող լսելի դառնա։ Ես էլ ոչ մի բանից չեմ վախենում։ Լավ թե վատ, 25 տարի ա՝ էս պետությանը ծառայել եմ, բացի վարկերից ոչ մի բան հետ չեմ քցել»,֊ Civilnet.am֊ի հետ զրույցում ասել է բողոքի մասնակից աշխատակիցներից մեկը։

Բողոքի մասնակիցները նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին։ Պատասխան դեռ չեն ստացել։

«Թոփ֊Սփին» ընկերությունը երեկ հայտարարություն է տարածել, որով հերքել է, թե մենաշնորհային դիրք ունի և նշել է, որ «ակնկալում է արդյունավետ համագործակցություն» մյուս ԱՊՊԱ գործակալների հետ։

Հայտարարությունում ասվում է, որ ընկերությունը մասնակցել է բաց աճուրդի։ Բողոքող ԱՊՊԱ գործակալները, սակայն պնդում են, որ բաց աճուրդի հայտարարությունն իրենցից ոչ ոք Պետական գույքի կառավարման պաշտոնական ինտերնետային կայքում չի տեսել։

Հիշեցնենք, որ սա առաջին մենաշնորը չէ մաքսային ոլորտում այն պահից, ինչ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է «Հայռուսգազարդ» ընկերության նախկին աշխատակից Վարդան Հարությունյանը։ Վերջինս բեռնափոխադրող կարգոներին զրկել է մաքսազերծում անելու հնարավորությունից՝ այդ գործառույթը վերապահելով միայն «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ֊ին։