Գլխավոր / Բանակ / Զոհված զինվորի հորը բերման են ենթարկել քննչական․ նա որդու ինքնասպանությանը չի հավատում

Զոհված զինվորի հորը բերման են ենթարկել քննչական․ նա որդու ինքնասպանությանը չի հավատում

Այսօր առավոտյան 4 ոստիկաններ այցելել են զոհված զինծառայող Դավիթ Տերտերյանի հորը՝ Երևան բնակվող Վահե Տերտերյանին՝ Քննչական կոմիտե բերման ենթարկելու նպատակով։ Ոստիկանները խոստանում էին, որ բռնի ուժ չեն կիրառի զոհված զինվորի հոր նկատմամբ՝ նշելով, սակայն, որ Տերտերյանը չի կարող չգնալ։ Զինվորի հայրը հրաժարվում էր գնալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն։

«Ինձ տանում են բերանս փակելու։ Թե կվախեցնեն, թե կփորձեն կաշառել։ Քրեական գործն անցյալ տարի կարճվել է։ Նախքան կարճելը՝ ինչո՞ւ չհրավիրեցին։ Ես քննիչին հեռախոսով ասացի՝ ես ձեր կառույցին չեմ վստահում։ Մենք բացարկ ենք ներկայացրել, որովհետև շատ լկտի նախաքննություն են վարել։ Մեր փաստաբանն ապացուցում է՝ որ սա սպանություն էր։ Բայց փողը առել, մարդասպանին բաց են թողել։ Հիմա էլ ինձ տանում են, բերանս փակեն»,֊ ասել է Վահե Տերտերյանը, ում, այնուամենայնիվ, ուղեկցել են հարցաքննության։

Դավիթ Տերտերյանը մահացել է ինքնաձիգի կրակոցի հետևանքով 2016 թվականի փետրվարի 12-ին՝ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի դիրքում։ Տերտերյանի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմինը զբաղված է ոչ թե իրականությունը բացահայտելով, այլ կոծկելով։ Դրա մասին են վկայում հակասական ցուցմունքներն այն մասին, թե ինչպես և ինչ դիրքով է հայտնաբերվել Տերտերյանի դին, դեպքի վայրից իրեղեն ապացույցների ոչնչացումը, դեպքի վայրում նոր իրերի, մասնավորապես, «քարի» հայտնվելը։

«Սա առաջին անգամ չէ, որ զինվորի սպանության վայրում քար է հայտնվել, քանի որ միայն քարի վրա նստած կարող էր Դավիթ Տերտերյանը իր ճակատին կրակել։ Այդ քայլը արվել է նաև Համբարյանի գործով»,֊ ասել է Ռուբեն Մարտիրոսյանը։

Նա ընդգծել է՝ ինքնասպանության վարկածը հերքում են նաև ձգաբանական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց դիրքերում գտնվող բոլոր զինվորների վրա հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր։

«Սա վկայում է այն մասին, որ նրանք բոլորը կրակոցի պահին եղել են դեպքի վայրում», ֊ ասել է Ռուբեն Մարտիրոսյանը։

Փորձագետը մատնանշում է ցուցմունքներում առկա հակասությունները․ մասնավորապես, գործով որպես վկա անցնող Ստեփան Համազասպյանն ասել է, որ Դավիթին ինքն է հայտնաբերել, նրա դիակի մոտ չի տեսել զենք, հետո որոշ վկաներ ասել են, թե Դավիթի դիակը տեսել են մեջքի վրա ընկած՝ զենքը մարմնի վրա։ Մեկ այլ վկա ասել է, որ Դավիթի դին ընկած է եղել՝ ծնկների վրա։ Քրեական գործում նաև նշված է, որ ինչ֊որ բժիշկ, հետագայում նշվել է՝ բուժակ, կրակոցից 15 րոպե հետո հայտարարել է, որ Դավիթը դեռ կենդանի է։

«Սա ընդամենն արվել է, որպեսզի դին դեպքի վայրից հեռացվի։ Հետագայում այդպես էլ չհաջողվեց պարզել՝ ով է եղել այդ բուժակը։ Ըստ դատաբժշկի՝ Դավիթ Տերտերյանը մահացել է կրակոցից անմիջապես հետո», ֊ ասել է Ռուբեն Մարտիրոսյանը։

Ըստ Վահե Տերտերյանի՝ քննիչները սկսել են ինքնասպանության վարկածը առաջ տանել՝ իրեն հարցնելով՝ արդյոք Դավիթը աղանդավոր էր, տանը ունե՞ր խնդիրներ, ունե՞ր սիրած աղջիկ, և այլն։

«Դավիթի գրպանում Աստվածաշունչ են հայտնաբերել, և հարցնում են՝ արդյոք իրեն զոհաբերել է։ Էդ իրենք չե՞ն բաժանում կտակարաններ բանակում»,֊ ասել է Վահե Տերտերյանը։

Հոր և նրա ներկայացուցչի խոսքով՝ քննիչները որևէ քննություն չեն անցկացել այն փաստի առթիվ, որ Դավիթը մոտ երկու ամիս կոնֆլիկտներ է ունեցել սերժանտ Ստեփան Համազասպյանի հետ։ Ըստ Մարտիրոսյանի՝ նրանց միջև միջադեպ է գրանցվել․ Համազասպյանը քաշել է Դավիթի ձեռքից և գցել է մահճակալից, երբ վերջինս քնած է եղել, որից հետո նրանց միջև վիճաբվանություն է սկսվել։

Այսօր Վահե Տերտերյանին հարցրել են՝ երբ է որդին վերջին անգամ տուն զանգել և որ բջջային համարից։ Այդ առնչությամբ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ բջջային հեռախոսն անհետացել է։

«Քննիչները պետք է ասեն՝ որտեղ են հեռախոսները, ոչ թե մենք», ֊ հայտարարել է Մարտիրոսյանը։