Home / Բանտ / Հաշվեհարդա՞ր․ «Օմբուդսմենն ամեն ինչ անում է, որ Բիլյանը առողջ մեռնի»

Հաշվեհարդա՞ր․ «Օմբուդսմենն ամեն ինչ անում է, որ Բիլյանը առողջ մեռնի»

«Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե հստակ պատասխան է տալիս, այլ ամեն ինչ լղոզում է և դեմագոգիայով է զբաղվում»․ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հացադուլի  հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում հավաքված քաղաքացիները դժգոհել են Արման Թաթոյանի պատասխաններից։

Այսօր՝ հունվարի 11-ին՝ 16։00-ից, ՄԻՊ գրանսենյակի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ Արման Թաթոյանի ուշադրությունը հրավիրելու հացադուլավորների վրա։

Բիլյան ու Բարսեղյանը պահանջում են իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի գերբնակեցված խցերից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Հանդիպմանը Թաթոյանը բավական երկար ժամանակ ներկայացրել է, թե որ պետական կառույցին ինչ թուղթ է ուղարկել․ «Հրավիրել են բժիշկներ, հոգեբաններ, հոգեբույժներ, հանդիպել ենք կալանավորներին՝ անգամ տոն օրերին, բացատրել հացադուլի հետևանքների մասին»։

«Այս պահին մեր խնդիրն է՝ հետևենք, որ Բիլյանի և Բարսեղյանի նկատմամբ ՔԿՀ-ում լինի այնպիսի վերաբերմունք, որը պահանջվում է հացադուլավորների հանդեպ։ Մենք չենք որոշումների կատարման հարցում իրավասու մարմինը, մենք հետևողական ձևով մեր աջակցությունն ենք հանդես բերում», – ասել է Թաթոյանը։

ՄԻՊ գրասենյակում հավաքաված քաղաքացիներին, սակայն, վրդովվեցրել է Թաթոյանի այդ պատասխանը. նրանց խոսքով՝ ոչ թե պետք է հացադուլավորներին խցից խուց տեղափոխել կամ բժիշկներ տրամադրել, այլ բավարարել նրանց պահանջները։

Թաթոյանի խոսքով՝ ինքը «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու հետ կապված դիմում է տվել Քրեակատարողական վարչություն, սակայն արդեն 20 օր է՝ ինչ պատասխան չկա։ Օմբուդսմենը խոստացել է այսօրվա հանդիպումից հետո ևս մեկ անգամ թուղթ ուղարկել։

«Փաստորեն ՄԻՊ-ին արհամարում են, լայաղ չեն անում պատասխանել», – դժգոհել է ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը և Թաթոյանին կոչ արել «որպես ՀՀ քաղաքացի իրենց հետ հիմա գնալ ՔԿ վարչություն իր նամակի պատասխանի հետևից»։

Հացադուլավորներին սատարողների խոսքով՝ ՔԿ վարչության ուղղված պատասխանը կարող է 2 ամիս կամ ավել տևել, իսկ ներկայումս մարդու կյանքի և մահվան հարց է։ Նրանք վկայակոչել են որպես Հաց բերող հայտնի Արթուր Սարգսյանի դեպքը, որը, ըստ նրանց, նման ձևական բյուրոկրատական քաշքշուկների պատճառով է մահացել։ Օմբուդսմենը պետք է, ըստ քաղաքացիների, լրատվամիջոցներով բարձաձայներ, որ ոչ մի պատասխան չեն տվել իրեն։

«Ճիշտ հասկացեք ինձ, օրենքն է պարտադրում և պարտավոր եմ հնարավորություն տալ պետական համապատասխան մարմնին պարզաբանումներ տալ», -արդարացել է Թաթոյանը։

«Փաստորեն Ձեր արածը հիմա նա է, որ Բիլյանը եթե մահանալու լինի, առողջ մահանա։ Ձեր խղճի վրա սա նստելու է, եթե մի բան լինի։ Մենք ասելու ենք, որ ՄԻՊ եղած  ժամանակ Թաթոյանը նրանց՝ Բարսեղյանին և Բիլյանին, տարավ այս սենյակից այն սենյակը և բուն խնդիրը անտեսեց», -ասել է «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Հելսինկյան ասոցիացիայի» ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշել է, որ խմբի այլ անդամները տարբեր ժամանակներ դիմել են իրենց այլ ՔԿՀ տեղափոխելու համար և նրանց պահանջը բավարարվել է, սակայն Բիլյանի և Բարսեղյանի դեպքում այդ հասարակ հարցը հատուկ է ձգձգվում, և դա կոնկրետ հաշվեհարդար է։

Մեզ հետ զրույցում Կարապետյանցը նշել է, որ Բիլյանը և Բարսեղյանն անցնում են ծանր հոդվածներով, մասնավորապես, մեղադրվում են ոստիկան սպանելու մեջ։

Սմբատ Բարսեղյանի քույրը՝ Լուսինե Բարսեղյանը և ակցիայի մասնակից Դավիթ Եղիազարյանը հանդիպման վերջում հայտարարել են, որ ստեղծվում է «Սոս Արմեն Բիլյան և Սմբատ Բարսեղյան» քաղաքացիական նախաձեռնությունը, որը շարունակելու է պայքարել նրանց իրավունքների համար։