Գլխավոր / Դատարան / Վթարի ենթարկված «Սանիթեքի» նախկին աշխատակիցը դատի է տվել ընկերությանը

Վթարի ենթարկված «Սանիթեքի» նախկին աշխատակիցը դատի է տվել ընկերությանը

Երևանում սանմաքրում և աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակից 66-ամյա Զաբեթ (Վոլոդյա) Աճեմյանը դիմել է դատարան՝ պահանջելով որպես իր աշխատունակության կորստի փոխհատուցում ընկերությունից ամսական բռնագանձել 123 հազար 200 դրամ։

Աճեմյանը 22 տարի աշխատել է Երևանում աղբահանություն իրականացնող ընկերություններում որպես բանվոր։ «Սանիթեքում» նա փողոցներում դրված աղբի արկղները տեղափոխում էր աղբատար մեքենաների մոտ, որոնց մեջ էլ դատարկվում էր աղբը։

Անցած տարվա մարտի 24-ին՝ 01։00-ին, Բաղրամյան-Կիևյան խաչմերուկի դեպի Բաղրամյան տանող հատվածում Աճեմյանն աշխատելիս է եղել, երբ անցնող մեքենան հարվածել է նրան։ Ստացած վնասվածքների պատճառով մի քանի շաբաթ անց անդամահատել էին վերջինիս ոտքը, և այդ օրվանից հետո Աճեմյանը չի կարողանում աշխատել:

Epress.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, Աճեմյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը նշել է, որ վրաերթի հետևանքով Աճեմյանը կորցրել է իր աշխատունակության 70 տոկոսը․ «Այն ժամանակ նա աշխատել է, ամսական ստացել է 146 հազար դրամ։ Իսկ հիմա աշխատանքը սխալ կազմակերպելու պատճառով, անվտանգության կանոնները չապահովելու պատճառով, ստացել է մարմնական վնասվածք և չի աշխատում»։

Զալյանը հիշատակել է Քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ քաղաքացուն հաշմանդամություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:

Դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում Աճեմյանի դուստրը՝ Ռուզաննա Աճեմյանը  պատմել էր, որ ապահովագրական ընկերությունը հոր բուժման համար ուղարկել է 1 միլոն 800 հազար դրամ։ Դրանից հետո ընտանիքը ոչ մի օգնություն չի ստացել «Սանիթեք»-ից։

Նշենք, որ 2017 թվականի ընթացքում Epress.am-ը կարողացավ պարզել «Սանիթեք»-ի աշխատակիցներից մի քանիսի վրաերթի դեպքեր։ Տուժողները մեզ պատմել են, որ ընկերությունը չի ապահովում անվտանգության կանոնները։

«Սանիեթք»-ի աշխատակից Կարմեն Աբգարյանի դեպքը՝ այստեղ։