Home / Դատարան / Իշխանությունների հետ բարիշած նախկին ընդդիմադիրը հաղթել է Հայաստանին

Իշխանությունների հետ բարիշած նախկին ընդդիմադիրը հաղթել է Հայաստանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, այժմ՝ Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Արզումանյանը (նկարում ձախից) ՄԻԵԴ էր դիմել 2007-ին իր դեմ քաղաքական հետապնդման գործով: 2007-ի մայիսի 5-ից սեպտեմբերի 6-ը Արզումանյանը կալանքի տակ է վերցվել՝ փողերի լվացման մեղադրանքով: Նա բողոքարկել էր բոլոր ատյաններում՝ առ այն, որ նախաքննության մարմինը ոչ մի հիմնավորում չի ներկայացրել մեղադրանքի վերաբերյալ և պահանջել է իր դեմ կալանքի որոշումը վերացնել:

Հայաստանի դատարանները մերժել են Արզումանյանի պահանջը՝ հիմնավորելով, որ վերջինիս պահվածքը, մասնավորապես, ցուցմունք տալ հրաժարվելը, վկայում է, որ ազատության մեջ լինելու դեպքում նա կխանգարի նախաքննությանը:

Արզումանյանը, որը այն ժամանակ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումն էր հիմնադրել, իր նկատմամբ գործողությունները քաղաքական հետապնդում էր որակում։

ՄԻԵԴ դիմելով՝ Արզումանյանն անօրինական ազատազրկմամբ իրեն պատճառված բարոյական վնասը գնահատել էր 81,250 եվրո:

Եվրոպական դատարանը վճռել է, որ Հայաստանը, անհիմն կալանավորելով Արզումանյանին, խախտել է նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Միջազգային դատարանը Հայաստանի Հանրապետությունից պահանջել է 2500 եվրոյի չափով փոխհատուցում վճարել: