Գլխավոր / Առողջապահություն / «Սանիթեքը» պատժում է իր նախկին աշխատակցին

«Սանիթեքը» պատժում է իր նախկին աշխատակցին

Երևանում սանմաքրման և աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակից 42-ամյա Կարմեն Աբգարյանը չի կարողանում «Փարոս» ծրագրով նպաստ ստանալ, քանի որ համակարգում ցույց է տալիս, որ կինը մինչև այժմ գրանցված է որպես «Սանիթեքի» աշխատող։ Չնայած դրան՝ Աբգարյանը հունիս ամսից, իր դիմումի համաձայն, չի աշխատում կազմակերպությունում։

Կարմենը վրաերթի էր ենթարկվել նախորդ տարվա մարտի 14-ին, երբ նրան ստիպել էին իր աշխատանքային ժամի ավարտից հետո մաքրել Հերացի փողոցի երթևեկելի հատվածը, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ավտոշարասյունն էր այդտեղով անցնելու։

Աբգարյանը պատմել է Epress.am-ին, որ մի քանի անգամ փորձել է վերցնել իր աշխատանքային գրքույկը, սակայն չեն տվել։ Նա գնացել է ընկերության գրասենյակ, որտեղ տարբեր պատճառաբանությամբ ամեն անգամ ներս չեն թողել մտնի։ Ասել են՝ «կորել է աշխատանքային գրքույկդ, նորը դեռ պատրաստ չի», «մյուս շաբաթ կգաս» կամ «ղեկավարը Հայաստանում չէ»։

«Իրանք էլ նեղացել են ինձանից, թե խի եմ ես լրագրողի բան ասել, և դրա համար էլ, ենթադրում եմ, ինձ այդքան տանում-բերում են», — ասել է Աբգարյանը։

Օգտակար հղում․  Ինչ գնով և ում համար է Sanitek-ն ապահովում Երևանի մաքրությունը։ 

Կինը վթարից հետո ցանկացել է դատի տալ ընկերությանը, ինչի համար մի շարք փաստաթղթեր պետք է հավաքեր։ Այդ ժամանակ Կարմենին օգնել է դուստրը։ Սակայն վերջինս ամուսնացել է և մեկնել Ռուսաստան։ Կարմենն այժմ ոչ մի օգնող չունի։ Ապրում է անչափահաս որդու հետ։

Վրաերթի հետևանքով նա ուսն էր կոտրել, գլխի և մեջքի շրջանում լուրջ վնասվածքներ ստացել։ Մինչև այսօր դեռ լիովին չի ապաքինվել․ «Ձախ թևս չի աշխատում, ողնաշարս ցավում է, գլուխս պտտվում է, տնից էլ դուրս չեմ գալիս»։

Չարենցավանից ամեն անգամ նա չի կարողանում գնալ Երևան և զբաղվել իր դատական հարցով։ Դրան խանգարում է և՛ ֆինանսական վիճակը, և՛ առողջությունը։ Կարմենը այժմ չի աշխատում, երբեմն հարևաններն են ինչ-որ բանով օգնում։

Նշենք, որ «Սանիթեքի» զոհերից ևս մեկը՝ Վոլոդյա Աճեմյանն, արդեն դիմել է դատարան՝ պահանջելով որպես իր աշխատունակության կորստի փոխհատուցում ընկերությունից ամսական բռնագանձել 123 հազար 200 դրամ։

Աճեմյանի դեպքի մասին կարդացեք «2 շաբաթում Sanitek-ի 3 աշխատակից վրաերթի են ենթարկվել» հոդվածում։