Գլխավոր / Առողջապահություն / Դատավորը, օգտվելով առիթից, արգելել է փաստաբանին տեսակցել վիրահատված Խանդոյանին

Դատավորը, օգտվելով առիթից, արգելել է փաստաբանին տեսակցել վիրահատված Խանդոյանին

Հունվարի 15֊ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատված «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին փաստաբան Արայիկ Պապիկյանը չի կարող տեսակցել։ Նա հայտնել է Epress.am-ին, որ այս պահին Խանդոյանի պաշտպան չի համարվում, «բայց իրավաբանական այլ ծառայություններ է մատուցում»։ Հունվարի 10֊ին «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ի աջակցություն հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի, ամբաստանյալները չէին ցանկացել մասնակցել նիստին և հրաժարվել էին փաստաբաններից։

«Ենթադրում եմ, որ դատավոր Մակյանը գրություն է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ ես իր վարույթում գտնվող քրեական գործով Խանդոյանի պաշտպանը չեմ։ Բայց, բացի այդ քրեական գործից, ես Խանդոյանին իրավաբանական այլ ծառայություններ էի մատուցում։ Ես [այցելության արգելքի մասին] գրություն չեմ տեսել, և քանի որ նրա պաշտպանն էլ չեմ հանդիսանում դատարանն այդ տեղեկատվությունը չի տրամադրում ինձ, որպեսզի ես հստակ իմանամ», — ասել է Պապիկյանը։

Արայիկ Խանդոյանի վիրահատության մասին Պապիկյանը տեղեկացել է ԶԼՄ֊ներից։ «Վիրահատության մասին տեղեկացել եմ հիմնականում մամուլից, ենթադրում եմ, որ երիկամների հետ կապված խնդիրն էր։ 10 օր սառնամանիքին պատժախցում մնալու ժամանակ ինքը շատ վատ էր, առողջական լուրջ խնդիրներ ուներ և վիրահատությունը դրա հետևանքն է եղել», — ասել է Պապիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ նա Արայիկ Խանդոյանին տեսակցելու հնարավորություն կունենա միայն վերջինիս կողմից դիմում ներկայացնելուց հետո։ «Սահմանաված կարգով ինքը դիմում կգրի քրեակատորաղականի պետին, որպեսզի ես որպես փաստաբան իրավաբանական ծառայություններ մատուցելու համար գնամ իր մոտ տեսակցության։ Հուսով եմ, որ այսօր նա դիմումը կներկայացնի»։