Home / Ոստիկանություն / Գյանջայում ձերբակալված ռուսաստանցի գիտնականին բաց են թողել

Գյանջայում ձերբակալված ռուսաստանցի գիտնականին բաց են թողել

Ադրբեջանի իշխանությունները երկրից դուրս ես թողել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Չուլկովին։ Այս մասին Gazeta.ru֊ին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը։

«Ըստ վերջին տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի Դմիտրի Չուլկովն արդեն գտնվում է Ռուսաստանի տարածքում»,֊ ասել է նա։

«Շնորհակալ եմ բոլորին տեղեկատվական աջակցության մասին։ Ես արդեն տուն եմ գնում»,֊ սոցցանցերի միջոցով հայտնել է ինքը՝ Չուլկովը։

Գիտնականը Մոսկվայից Գյանջա էր ժամանել հունվարի 3֊ին։ Երկու օր անց Չուլկովը որոշել էր այցելել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից ոչ հեռու գտնվող Գյոյգյոլ լիճ, որից հետո նրա հետ կապն ընդհատվել էր։ Գյանջայում գտնվող հյուրանոցի սեփականատերը, որտեղ ապրել է գիտնականը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ ռուսաստանցու անհետանալուց հետո հյուրանոց էին եկել Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, խուզարկել հյուրի սենյակն ու տարել նրա իրերը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ֊ները հայտնել էին, որ ռուսաստանցի գիտնականը ենթադրաբար ձերբակալվել էր տասը օրով՝ զորամաս լուսանկարելու համար։