Home / Դատարան / 907 փաստաբաններ բողոքում են իրենց նկատմամբ տուգանք նախատեսող օրինագծի դեմ

907 փաստաբաններ բողոքում են իրենց նկատմամբ տուգանք նախատեսող օրինագծի դեմ

Հայաստանի 907 փաստաբաններ դեմ են Դատական օրենսգրքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Փաստաբանների պալատը՝ Ազգային ժողովից և Կառավարությունից պահանջելով համապատասխան դրույթները շրջանառությունից հանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

«Գործող իրավակարգավորումը երաշխավորում է փաստաբանների պաշտպանությունը դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից, մինչդեռ Նախագծով նախատեսված նոր մոտեցումը վտանգում է փաստաբանության անկախությունը (այդ թվում՝ փաստաբանի, որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի, մասնագիտական ինքնուրույնությունը) և ազատությունը, որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային իրավական ակտերով։ Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին: Փաստաբանի անկախության և ազատության սահմանափակումը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի խաթարմանը», -նշված է հայտարարության մեջ։