Գլխավոր / Շուկա / Երբ գործարարը փորձում է օրինական ճանապարհով աշխատել մաքսայինի հետ

Երբ գործարարը փորձում է օրինական ճանապարհով աշխատել մաքսայինի հետ

Վերջին շաբաթների ընթացքում «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ-ի տնօրեն, գործարար-ինժեներ Վարդգես Գասպարին բազմիցս ահազանգել է Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության ոլորտի խնդիրների մասին՝ մատնանշելով կոռուպցիոն հոսքերի հնարավարությունները:

Մասնավորապես, Գասպարին Facebook-ի էջում գրել է, որ ՊԵԿ «Մեկ Պատուհան» համակարգն ունի ոչ կիրառական, ձևական բնույթ, այն պիտանի չէ գործնական նկատառումով: Գործարարը նշում է, որ վերջին շրջանում փորձել է ԱՄԵ-ից ներկրած 10,000 դոլար արժողությամբ ապրանքները մաքսազերծել՝ օգտվելով կառավարության trade.gov.am «Մեկ Պատուհան» համակարգից, փորձելով լրացնել ՊԵԿ-ի Մաքսային արժեքի հայտարաzրագիրը: Սակայն ո՛չ տվյալ կայքում, ո՛չ էլ համացանցում չի գտել բավարար և պիտանի տեղեկատվություն «Մեկ պատուհան» համակարգի ծառայությունից օգտվելու համար: Ավելին՝ երբ դիմել է ՊԵԿ քարտուղարությանը՝ ՊԵԿ-ի հեռախոսահամարով (060-54-44-44), տարբեր մարդիկ տվել են իրարամերժ, հակասական տեղեկատվություն: Մաքսային մարմինների միմյանց հակասող տեղեկատվությունը Գասպարին խնդրել է ներկայացնել գրավոր, որպեսզի պաշտոնյաներից մեկի պատասխանը ներկայացնի մյուսին և, ինչպես ինքն է նշում, «դուրս գամ ինձ ֆռռացնելու անվերջանալի շրջապտույտից»: Այդ ժամանակ ՊԵԿ քարտուղարությունից հայտնել են, որ դրա համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում ՊԵԿ նախագահի անունով, որին կպատասխանեն ըստ սահմանված կարգի 15 օրվա ընթացքում:

Գործարարը նշում է՝ քանի որ ընթացակարգային ամենատարրական հարցերի պարզաբանման համար պահանջվում է գրել դիմում և 15 օր սպասել պատասխան ստանալու համար, կասկած է առաջանում, որ տրամաբանական է գնալ այդպիսի ճանապարհով, ուստի առկա է կոռուպցիոն լուրջ խնդիր: Գասպարին կարծում է ինքնահայտարարգրման ուղղությամբ ստեղծված այս մեծաքանակ խոչընդոտներն ուղղված են նրան, որ տնտեսվարողները ճարահատյալ դիմեն բրոքերների ծառայություններին, իսկ բրոքերային ծառայություններն իրենց վրա վերցնեն պահանջվող կաշառքի գործառույթը, և այդպիսով մաքսային ծառայողները գործից չոր դուրս գան:

Ըստ Գասպարիի՝ նույնիսկ ամենաբծախնդիր մոտեցման պարագայում բրոքերային ծառայությունները նշված գանձած գումարը ներկայացնում են որպես բրոքերային ծառայության ծախս, որը որպես մասնավոր հատված ենթակա չէ գնահատման և որոշվում է «փոխհամաձայնությամբ»: Ընդ որում՝ մեկ բրոքերային ծառայության հետ փոխհամաձայնության չգալու դեպքում տվյալ տնտեսվարողին այլևս հրաժարվում են ծառայություն մատուցել մյուս բոլոր բրոքերային ծառայությունները: Այդպես էլ եղել է դեկտեմբերի 14-ին, երբ «Արարատյան մաքսատան» շրջակա բոլոր բրոքերային ծառայությունները հրաժարվել են ծառայություն մատուցել «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Գասպարիին՝ պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը, ընդ որում, հայտնել են, որ այդպես էլ ծանրաբեռնված են լինելու առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում:

Ահազանգի հետքերով Epress.am-ի լրագրողն այցելել է ՊԵԿ Արարատյան մաքսային վարչություն: 6-րդ հարկում գտնվող մաքսային հայտարարագրերի ընդունման բաժնի պետի գրասենյակի մոտ մարդիկ էին կուտակված: Նույնիսկ բաժնի պետի գրասենյակի դռան հետևում փոքրիկ սեղանիկին դարսած էին դիմումատուների հայտարարագրերը, և դիմումատուները հերթով մտնում էին պետի մոտ, հավանաբար ինչ-որ հարցեր կարգավորում և թղթապանակները ձեռքներին հեռանում էին:

Մարդկային և փաստաթղթերի կուտակումներն իրոք կարող են վկայել այն մասին, որ «Մեկ պատուհան» կոչված ծառայությունը մեղմ ասած կատարյալ չէ և հայտարարատուներն ինչ-ինչ խնդիրների կարգավորման համար անձանմբ են մոտենում մաքսային ծառայության բաժնի պետին:

Ակնհայտ է, որ եթե որևէ գործընթացի լուծումը կախված է պետական ծառայողի հայեցողական մոտեցումներից, ապա իմաստազրկվում է ընդհանրապես «Մեկ պատուհան» կոչվածը:

Մենք փորձեցինք Արարատյան մաքսային ծառայությոան 6-րդ հարկում կուտակված հայտարարատուներից պարզաբանումներ ստանալ, թե ինչ խնդրի հետ կապված են իրենք սպասում բաժնի պետի հետ հանդիպմանը, սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ խոսել մեզ հետ՝ նույնիսկ չտեսագրվելու և չձայնագրվելու պայմանով, ոչ բաժնի պետի գրասենյակ մտնելուց առաջ և ոչ էլ դրանից հետո:

Այնուհետև մոտեցանք բաժնի պետ Ղամբարյանին, ով ի պատասխան մեր հարցի, թե ինչ խնդիրներ է ինքը քննարկում հայտարարատունների հետ, պատասխանեց՝ ամենատարբեր բնույթի հարցեր: Հետո էլ ավելացրեց, որ ինքն առհասարակ չի կարող մեզ հարցազրույց տալ և դրա համար անհրաժեշտ է ՊԵԿ-ի համապատասխան մարմիններից ստանալ թույլտվություն, որից հետո միայն ինքը կարող է պատասխանել տվյալ լրատվամիջոցների հարցերին:

Ինքնահայտարարագրման ինստիտուտի պատմությունը

Գասպարին նշում է, որ խիստ կասկածելի է, թե ՊԵԿ-ի «Մեկ պատուհան» համակարգը երբևէ աշխատել է: Մասնավորապես, այսպես կոչված, ինքնահայտարարագրման հնարավորությունը գոնե «Արարատյան մաքսատանը» ընձեռնվել է միայն իր դիմում-բողոքներից հետո, իսկ մինչ դա գոյություն չի ունեցել: Այն ստեղծվել է 2018 թվականի սկզբում՝ արձակուրդներից հետո:

Հարցը պարզաբանելու համար գնացինք «Արարատյան մաքսատան» առաջին հարկ: Այստեղ «Սեֆվեյ» ՓԲԸ բրոքերային ծառայության գրասենյակի ճակատին կպչուն թղթով փակցրած էր «Ինքնահայտարարագրում» գրությունը, որ տարակուսանքի տեղիք է տալիս: Ի վերջո, դա մասնավոր բրոքերային ծառայությո՞ւն է, թե՞ ՊԵԿ ստորաբաժանում: Մեր նկարահանող խումբը արձանագրեց, որ իրոք «Սեֆվեյ» ՓԲԸ բրոքերային ծառայության գրասենյակում առկա 7-8 համակարգիչներից 2-ի վերևում կա «ինքնահայտարարագրում» գրություն: Մեր հարցին, թե որքան ժամանակ են իրենց գրասենյակում տեղադրված ինքնահայտարարգրման այդ 2 համակարգիչները, բրոքերային ծառայության հիմնադիր տնօրենը` Ա. Հովհաննիսյանն ասաց, որ դրանք այդտեղ են 7-8 տարի, և «ինքնահայտարարագրում» գրությունն էլ իրենց գրասենյակի վերևում փակցված է եղել հենց այն ժամանակներից, պարզապես Գասպարին չի նկատել այն և միայն հիմա է տեսել գրությունը: «ՎԱԼ Օթոմեյշն»-ի տնօրենը, իր հերթին, կասկածում է, թե նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ դեկտեմբերի երկրորդ կեսին, երբ նա դիմել էր մաքսային ծառայություն հայտարարագիր լրացնելու համար, 6-րդ հարկում գտնվող հայտարարագրերի բաժնից և բաժնի պետ Ղամբարյանից խնդրել-պահանջել է իրեն տրամադրել համակարգիչ՝ ինքնահայտարարագրման նպատակով, և իրեն տրամադրել են մասնաշենքի նույն 6-րդ հարկում գտնվող մաքսային ծառայակիցներից մեկի համակարգիչը: Այսինքն՝ մաքսային ծառայողը ժամանակավորապես լքել է իր աշխատատեղը, որպեսզի Գասպարին կարողանա օգտվել համակարգչից ինքնահայտարարագրման համար:

Մեր մյուս հարցին, թե ինչպես է եղել, որ մասնավոր ընկերությունը՝ «Սեֆվեյ» ՓԲԸ-ն իր տարածքը և հնարավորությունները տրամադրել է պետական մարմնին մարդկանց ինքնահայատարարագրման հնարավորություն ընձեռելու համար, տնօրեն Ա. Հովհաննիսյանն ասել է, որ դա պայմանավորված է մարդկային վերաբերմունքով և բարի ցանկություններով:

Ինչպես է գործել «ինքնահայտարարագրումը» նախկինում

Ինքնահայտարարագրման հնարավորության՝ ավելի ստույգ տրամադրվող համակարգչի վերաբերյալ, լրացուցիչ հետաքննություն իրականացրեցինք՝ պարզելով, որ այդ հնարավորությունը եղել է մի քանի տարի առաջ, որից օգտվել են հենց բրոքերային ծառայությունները: Ավելի ստույգ՝ Արարատյան մաքսատան վարչության շենքի առաջին հարկում եղել է տարածք, գրասենյակ, որտեղ տեղադրված են եղել մոտ մեկ տասնյակ գրասենյակային պարագաներ և համակարգիչներ, որոնք օգտագործել են բրոքերային ծառայությունները: Ավելի ուշ՝ մոտ 1-2 տարի առաջ, այդ տարածքները վարձակալության են տրվել 3-4 բրոքերային մասնավոր ծառայությունների, և փաստորեն այսպես կոչված ինքնահայտարարագրման հնարավորությունը վերացվել է, իսկ բրոքերային ծառայությունները, որոնք օգտվում էին այդ հնարավորություններից, վարձակալել են տարածքներ վարչության շենքի հարակից շինություններում (հիմնականում նախկին «Ինտերստանոկ» գործարանի տարածքում):

Այսինքն՝ իրականում վերջին շրջանում ինքնահայտարարագրման համար նախատեսված համակարգիչներ Արարատյան մաքսատան վարչության շենքում գոյություն չեն ունեցել: