Գլխավոր / Մեդիա / Հայերի ջարդերից սկսվեց Ադրբեջանի սեփականաշնորհումը

Հայերի ջարդերից սկսվեց Ադրբեջանի սեփականաշնորհումը

Հունվարի սկզբին լույս է տեսել ադրբեջանցի լրագրող ու գրող, ներկայումս քաղմիգրանտ Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գիրքը, որում հեղինակը ներկայացնում է Հեյդար Ալիևի ուղին դեպի իշխանություն և ուսումնասիրում ադրբեջանական հասարակությունում հայերի հանդեպ ատելության պատճառները։

Գրքում կենդանանում ու վերաիմաստավորվում են Բաքվի, Սումգայիթի ու Խոջալուի զոհերը․ Իբրահիմովը վերլուծում է պատմական առասպելներն ու դրանց ակունքները։ Այս իմաստով, գիրքը եզակի է և անսպասելի։ Հունվարի 20֊ին Ադրբեջանում նշում էին 1990 թվականին խորհրդային բանակի  կողմից Բաքվում քաղաքական ընդդիմության հանրահավաքի ճնշման ողբերգական տարելիցը, գրում է «Էխո Կավկազա» գործակալության լրագրող Կատերինա Պրոկոֆևան, ում հարցազրույցը գրքի հեղինակի հետ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

֊ Զեյնալ, եկեք սկսենք հունվարի 20֊ից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ օրը, ի՞նչ է Ձեզ համար նշանակում այդ «սև հունվարն» ու արդյոք Ձեր գրքում հիշատակել եք այն։

֊ Այո, իհարկե հիշատակել եմ։ Առաջինը՝ հունվարի 20֊ը չի կարելի տարանջատել հունվարի 13֊ից․ դրանք անխուսափելիորեն կապված են, քանի որ հունվարի 13-ին սկսվեցին հայերի ջարդերը։ Մեկը մյուսի հետևանքն է․ եթե չլինեին ջարդերը, չէր լինի նաև հունվարի 20֊ը։ Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ երկու օրերն էլ նախապես ծրագրված էին, ու, մեծ հաշվով, այդ ամենը կանխորոշված էր։ Մեկ այլ հանգամանք՝ զորքերը մտցվեցին հունվարի 20֊ին, երբ ջարդերն արդեն ավարտվում էին․ չգիտես ինչու, զորքեր չբերեցին ո՛չ 13֊ին, ո՛չ 14֊ին, ո՛չ 15֊ին։ Բացի դա, այն ժամանակվա «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» մարդկանց փողոց դուրս բերեց՝ լավ իմանալով, թե այդ ամենն ինչով էր ավարտվելու։ Եթե զորքերը մտնեին դատարկ քաղաք, ապա ոչ մեկի վրա չէին կրակի։ Հետևաբար, ես համոզված եմ, որ հունվարի 20֊ը նախապես ծրագրված գործողություն էր:

֊ Իսկ ինչո՞ւ զորքեր բերեցին, եթե այդ բողոքի ալիքն արդեն մարում էր։

֊ Պաշտոնական պատճառը՝ որպեսզի կանխեն ջարդերը, ինչը ծիծաղելի է, քանի որ ջարդերը սկսել էին հունվարի 13֊ին։ Ու ես չեմ հավատում, որ նույնիսկ «հեռացող» Խորհրդային Միությունում ղեկավարությունն այնքան դանդաղ էր, որ զորքեր մտցրեց մի շաբաթ անց․ նման կերպ մտածելը նույնիսկ ծիծաղելի է։ Այդ ջադերը խթանեցին հայ բնակչության վերջնական ու անդառնալի հեռացումը, իսկ ահա զորքերի ներխուժումից հետո սկսվեց ռուս հատվածի արտահոսքը, քանի որ բանակն ասոցացվում էր միայն ռուսների հետ։ Զորքերի ներխուժումից բառացիորեն մեկ օր անց ռուսները սկսեցին հեռանալ։ Այսպիսով, երկու նապաստակ սպանվեց. հեռացավ հայկական համայնքը, հեռացավ ռուսական համայնքը։ Քաղաքը փաստորեն ազատվեց նրանց համար, ովքեր ձգտում էին ապրել այնտեղ, իսկ այնտեղ ձգտում էին ապրել գյուղաբնակները։ Ինչո՞ւ էր դա ձեռնտու։ Դա ապագա ընտրազանգվածն էր։ Բնականաբար, հաջորդ քայլը Բաքվի հրեա համայնքի հեռանալն էր, իսկ վերջինը՝ ռուսալեզու ադրբեջանցիների։ Արդյունքում, Բաքուն այսօր վերածվել է հսկայական գյուղի՝ բնակեցված համապատասխան բնակիչներով։

֊ Ըստ Ձեզ՝ դա հենց այդ իրադարձությունների արդյո՞ւնք է։

֊ Այո, անկասկած։ Այդ իրադարձությունները կամաց֊կամաց դուրս մղեցին քաղաքի ավելի քան մեկ միլիոնանոց բնակչությանը, և երբ Ադրբեջանը սկսում է խոսել ցեղասպանության մասին, չգիտես՝ ինչու, մոռանում է, որ Բաքվի ավելի քան մեկ միլիոն բնիկ բառացիորեն արտաքսվել է։ Դա ցեղասպանություն չէ՞։ Կարծում եմ՝ ցեղասպանություն է։

֊ Պատմեք Ձեր գրքի մասին․ ինչո՞ւ լույս տեսավ հենց այս շրջանում։

֊ Գիրքը գրվել է դեռևս 2015 թվականին։ Ինչո՞ւ հիմա։ Ժամանակ էր պետք այս ամենը հասկանալու, մարսելու, կողքից նայելու համար։

֊ Զեյնալ, փորձեք մի փոքր պատմել՝ ինչի մասին է խոսքը։

֊ Գրքում խոսվում է այն մասին, թե ինչպես Հեյդար Ալիևն աստիճանաբար իրեն վերադարձրեց երկիրը ու ինչպես հասավ իր ուզածին։ Ըստ էության, նա փայլուն շախմատային խաղ նախաձեռնեց, ինչի արդյունքում 1995 թվականին եկավ իշխանության։

֊ Նա ապահովեց ոչ միայն իր իշխանությունը, այլև փոխանցեց այն ժառանգաբար․․․

֊ Ադրբեջանը երկիր չէ, այլ տարածք, որը վերածվել է մի ընտանիքի սպառողական օբյեկտի։ Այս տարօրինակ գոյացումն այժմ դժվար է երկիր անվանել։ Այդ մարդը սեփականաշնորհեց մի ամբողջ պետություն ու այն դարձրեց իր ընտանիքի կերակրամանը․ նա բացարձակապես անտեսեց Սահմանադրությունը, ու նույնը շարունակեց անել իր ընտանիքը: Նա վերածեց այն շատ տարօրինակ միապետության. նախ նա, այնուհետև նրա որդին՝ Սահմանադրության բոլոր դրույթների բազմակի խախտմամբ, իսկ այժմ որդու կինը դառնում է առաջին փոխնախագահ․ սա այլ կերպ չի կարելի անվանել։ Ըստ իս՝ սա մի ամբողջ տարածքի գաղութացում է՝ հանուն սեփական շահերի։

֊ Ինձ, այնուամենայնիվ, հետաքրքիր է․ ո՛չ լրագրողները, որոնք գրում են այն մասին, թե ինչպես Ալիևների կլանն իրենով արեց տարածքն ու թե ինչպես է այն ղեկավարում, և ո՛չ լրագրողները, որոնք զբաղվում են խորքային հետաքննություններով, երբեք չեն հիշատակում հայ֊ադրբեջանական ասպեկտը։

֊ Ճիշտ է՝ չեն հիշատակում․ նրանք խուսափում են նման թեմաներից։ Նախ, ելնելով վախից, քանի որ դա շատ վտանգավոր է, երկրորդը, մի բան է խոսել Ալիևների ռեժիմի դեմ, ու բոլորովին այլ բան՝ դեմ դուրս գալ ողջ հասարակությանը։ Քանի որ նրանք, ովքեր աջակցում են Ալիևի հակառակորդներին, միանգամից լռում են, հենց խոսք է գնում հայ֊ադրբեջանական հակամարտության մասին։ Այս հարցում կա իշխանության, ընդդիմության ու ընդհանրապես ողջ հասարակության տարօրինակ միասնականություն։ Հասարակությանը համոզել են, որ այն պետք է թշնամաբար վերաբերվի հայերին։ Այդ մարդն, ըստ էության, զոմբիացրել է ամբողջ երկիրը։ Այո, վախենում են խոսել այդ թեմայով, ճիշտ է։

֊ Իսկ ինչպե՞ս ու ե՞րբ դա սկսվեց, ինչո՞ւ է շարունակվում, և արդյոք կա՞ն հաշտեցման ուրվագծեր։

֊ Ժամանակագրորեն դա սկսվեց 1988 թվականին, թեև նշաններ կային դեռևս խորհրդային շրջանում։ Ինչ վերաբերում է հաշտեցմանը, ապա ես կարծում եմ, որ այժմ որևէ բան փոխելու ցանկացած փորձ այդ հակամարտությունը կամ կվերածի խարույկի, կամ խարույկի, որը մոտ ժամանակում կբռնկվի։ Ոչ մի շարժ որևէ ուղղությամբ չի բերի խաղաղ կարգավորման, և կարող եմ ասել՝ ինչու։ Խնդիրը միայն իշխանությունները չեն, հարցն այն է, որ Ադրբեջանում կան մի քանի «չարորակ ուռուցքներ»։ Առաջինն այն է, որ հասարակության գլուխը մտցրել են, թե Ղարաբաղն իրենց տարածքն է։ Ոչ, այն Ադրբեջանի տարածքը չէ․ այդ տարածքը 1921 թվին արհեստականորեն միացվել է Ադրբեջանին։ Երկրորդը պատմությունը կեղծելու ու իրենց որպես հազարամյակների արմատներ ունեցող ժողովուրդ ներկայացնելու հիվանդագին ու մոլեգին ձգտումն է։ Դա անհեթեթություն է․ նման բան չկա, ու ես կարծում եմ, որ ժողովրդի համար նույնիսկ նվաստացուցիչ է նման կերպ վարվել սեփական պատմության հետ ու իրենց ինչ֊որ առասպելական հերոսներ վերագրել, բացարձակապես անհեթեթ ու հիմար պատմական փաստեր հորինել։

֊ Օրինակ․․․

֊ Ադրբեջանական պատմության դասագրեքերից մեկում գրված էր, որ Կոլումբոսի խորհրդականն ադրբեջանցի գիտնական է եղել, ինչը, կարծում եմ, խելագարություն է։ Արդեն նույնիսկ հայտնվում են շատ տարօրինակ տեղեկություններ այս մասին, որ Լեոնարդո դա Վինչիի մայրն ադրբեջանցի է եղել, ինչը կրկին խելագարություն է ու հոգեբույժի հետ քննարկման թեմա։ Ես խոսում եմ ամենածայրահեղ օրինակների մասին։

֊ Դրան պետք է պարզապես հնարավորինս ներողամտաբար մոտենալ, քանի որ դրանով տառապում են բոլոր ժողովուրդները։

֊ Նմանատիպ պոռթկումների գուցե և պետք է ներողամտաբար մոտենալ, բայց երբ պատմությունը զանգվածայնորեն կեղծվում է, դա արդեն պետք է մի փոքր այլ արձագանք առաջացնի: Բնակչության գլուխը միտումնավոր կերպով ստերով լցնելն այն բան է։ Պատմությունն ուղղակի հորինված է, այն չի եղել։ Բացի դա, բացարձակ անհեթեթություն է նաև տարօրինակ վերաբերմունքը հայոց ցեղասպանության հարցին, որը նույնիսկ ավելի թշնամական է, քան Թուրքիայում։ Առաջին հերթին, երբ այդ ամենը՝ 1915 թվին տեղի էր ունենում Օսմանյան կայսրությունում, Ադրբեջանը ոչ միայն աշխարհի քարտեզի վրա չկար, այլև ընդհանրապես գոյություն չուներ։ Հայաստանն այդ հարցում ադրբեջանցիներից ոչինչ չի պահանջում, քանի որ վերջիններս այն ժամանակ պարզապես գոյություն չունեին։ Ու սա նույնպես ինչ֊որ մոլեգին վերաբերմունք է այդ թեմային։ Ի՞նչ կապ ունի այն Ադրբեջանի հետ։ Ոչ մի։ Միայն այն պատճառով, որ հայերն ու ադրբեջանցիներն այժմ պատերազմո՞ւմ են։ Գիտեք, ինչ իսկապես ապշեցնում է, որ Թուրքիայում այդ հարցի հանդեպ ավելի հանդուրժողական վերաբերմունք է, քան՝ Ադրբեջանում։

֊ Որտեղի՞ց է գալիս նման հակակրանքը, որն այսօր գրեթե վերաճել է ազգային կարգախոսի։

֊ Նախ, դա ձեռնտու է իշխանություններին, քանի որ նման կարգախոսի ներքո ղեկավարելը շատ հեշտ է։ Չնչին անհնազանդություն, ու ձեզ վերագրում են հայ տատիկի կամ պապիկի, դուք դառնում եք վտարանդի․ դա շատ հարմար մեթոդ ու հարմար քաղաքականություն է։ Ատելությունը դարձել է պետական քաղաքականություն։ Թեև Ադրբեջանն ամենուր հայտարարում է իր հանդուրժող ու բազմամշակութային լինելու մասին, իրականում երկրում այսօր տիրում է ֆաշիստական ռեժիմ․ ֆաշիստական, քանի որ գրեթե մանկապարտեզից երեխաների ուղեղը լցնում է այս ատելությամբ։ Ընդ որում, հարկ է արժանին մատուցել՝ հարևան երկրում նման բան չկա, այնտեղ [ատելություն չեն սովորեցնում], ու դա ես հաստատ գիտեմ։

— Զեյնալ, ի՞նչ եք կարծում, այս հակամարտության մեջ Ռուսաստանն ի՞նչ դեռ է խաղում։ Անցած տարի շատ էին խոսակցություններն այն մասին, որ կարգավորման հարցում ինչ֊որ առաջխաղաղացումներ կան, որ Լավրովն ինչ֊որ բան է առաջարկել, որ Ադրբեջանին կանցնեն ինչ֊որ շրջաններ ու տարածքներ Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցության դիմաց, և այլն։ Հակամարտության կարգավորման հարցում, Ձեր կարծիքով, Ռուսաստանն ի՞նչ դեր ունի և կարո՞ղ է արդյոք որևէ այլ  ազդեցություն ունենալ, բացի նրանից, որ երկու կողմերին էլ զենք է վաճառում։

֊ Ռուսաստանի դերն այս հակամարտության մեջ ամենաբացասականն է։ Սկսենք նրանից, որ հայերի ու ադրբեջանցիների միջև առաջին հակամարտությունը գրանցվել է 1905֊ին՝ կրկին Ռուսաստանի դրդմամբ։ Այս հակամարտությունում Ռուսաստանի դերը հենց սկզբից ուղղակի նողկալի է, քանի որ Ռուսաստանն ուզում է Հարավային Կովկասի տարածաշրջանն իր բռում պահել՝ ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից։ Սա, գուցե, հասկանալի է, բայց իրականում Ռուսաստանը շատ բացասական դեր է կատարում։ Նախ, զենք է վաճառում երկու կողմերին, և երկրորդը, Ռուսաստանը չի հրաժարվել իր կայսերական հավակնություններին ու, բնականաբար, ցանկանում է երկու կողմերին էլ իր ձեռքի տակ պահել, ինչը դեռևս հաջողվում է։

֊ Լավ, իսկ ի՞նչ կանխատեսումներ կան։ Զարգացման ի՞նչ տարբերակներ են հնարավոր։

֊ Այն, ինչ ցանկանում եմ ասել, բոլորովին հանրընդունված չէ ու կարող է անհեթեթություն թվալ։ Ադրբեջանում գոյություն ունի իշխանությունների ու ընդդիմության շատ տարօրինակ միասնություն։ Ճիշտ նկատեցիք, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ երբեք այդ թեմայից չի խոսում․ կան տաբու թեմաներ՝ Ղարաբաղը, ցեղասպանությունը, Խոջալուն, պատմության կեղծումը։ Այս չորս թեմաների շուրջ զարմանալիորեն միավորվում են բոլորը, ու դա, ասեմ Ձեզ, ազգի միասնություն չէ։ Ֆազիլ Իսկանդերը հիանալի արտահայտություն ունի՝ «երբեմն հավաքական գարշահոտությունն ընկալվում է որպես ազգի միասնություն»։ Հնարավոր է՝ մեջբերումս լիովին ճշգրիտ չէ, բայց Ադրբեջանում տեղի է ունենում հենց դա։ Ինչ վերաբերում է հաշտեցմանը, ապա ներկայումս այն բացառված է։ Առաջինը՝ Ադրբեջանն իրականում հայերի հանդեպ ատելություն է սերմանում: Ի՞նչ հաշտեցման մասին է խոսքը, եթե երկրի ղեկավարը հանրայնորեն ներում է շնորհել Հունգարիայում քնած հակառակորդին նենգաբար կացնահարած մարդուն։ Ի՞նչ հաշտեցման մասին է խոսքը, եթե երկրի ղեկավարն իջնում է նման մակարդակի, իսկ հասարակությունը ողջունում է նրան։ Նույնիսկ մի բողոք չհնչեց։

֊ Այդ դեպքն, ի դեպ, ոչ թե ողջունվում, այլ դատապարտվում է հասարակության կողմից․․․

֊ Այո, դատապարտվում է խոհանոցում, ցածրաձայն, հանգիստ՝ վախից ելնելով։ Որևէ հանրային բողոք եղա՞վ։ Ես դրանց մասին չեն լսել։ Բնականաբար, մարդկանց հարյուր տոկոսը չի կարող ողջունել այդ քայլը, բայց նրանք վախենում են, ու հետևաբար այդ մասին խոսելու են միայն գաղտնի կերպով։ Մամուլը գրե՞ց, որ դա ստորագույն խայտառակություն է։ Ոչ։

֊ Այդ դեպքում, ինձ համար անհասկանալի է, թե ինչու այն բոլոր ակտիվիստները, որոնք խոսում են համակարգի, իշխանության, այդ կլանի դեմ, չեն վախենում դա անել։ Ինչո՞ւ չեն վախենում կոռուպցիոն գործարքներն ու օֆշորները բացահայտել, բայց վախենում են խոսել Ղարաբաղի մասին։ Եթե գործ  ունենք վախի հետ, ապա այն պետք է որ համատարած լինի։

֊ Այն համատարած է։ Մի բան է գնալ Ալիևի ռեժիմի դեմ, ինքդ քեզ հայրենասեր անվանել ու գոռալ, որ այդ մարդիկ խելագարվում են Ադրբեջանի ժողովրդի համար, մեկ այլ բան է ողջ ճշմարտությունն ասել։ Դրանք երկու տարբեր բաներ են, քանի որ մի բան է դառնալ Ալիևի թշնամին, մեկ այլ բան՝ դառնալ մի ամբողջ ազգի թշնամին։ Ըստ էության, ես դա արել եմ։ Ես լավ գիտեմ, որ ինձ բոլորը դատապարտելու են, անվանելու են հայրենիքի դավաճան, սրիկա, և այլն։ Ես բազմիցս բախվել եմ դրան․ բավական է ինչ֊որ բանի դեմ խոսես, քեզ անվանում են հայրենիքի դավաճան։ Դավաճանն այն մարդն է, որը ինչ֊որ պահի ինչ֊որ մեկին հավատարմության խոստում է տվել կամ հավակնել է հավատարմության ու խախտել դա։ Հասարակությունը, չգիտես՝ ինչու, դա չի հասկանում։ Ես որևէ մեկին հավատարմության խոստում չեմ տվել․ ես ունեմ իրավունք ասելու ու մտածելու այն, ինչ ասում ու մտածում եմ։

֊ Զեյնալ, ինչ վերաբերում է Ձեր գրքին, որը ես սենսացիոն եմ համարում, ասում եք, որ Ձեզ այդ գիրքը ստիպել է գրել ամոթը սեփական ժողովրդի, իշխանությունների, կեղծիքների համար։ Կարծում եք՝ այս գիրքն ու Ձեր անկեղծությունը որևէ մեկին ինչ֊որ կերպ կօգնի՞, կնպաստի՞։

֊ Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Մարդկանց մի փոքր մաս գուցե իրենց խոհանոցային լռության մեջ կասի՝ «այո, նա ճիշտ է», բայց ոչ ավելին։ Ես լավ հասկանում եմ, որ այն դատապարտվելու է։ Այն ոչինչ չի սովորեցնելու, քանի որ այդ մարդիկ իրենց գլուխները լցրել են անհեթեթ, մոլեգին գաղափարներով, ու դրանք արմատախիլ անելը շատ բարդ է։ Գուցե մարդկանց հատուկ է հավատալ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է։ Իհարկե, ուզում են լինել հնագույն ժողովուրդ, ունենալ հնագույն մշակույթ, բայց չէ՞ որ դա այդպես չէ։ Նայեք, թե ինչի է վերածվել երկիրը։ Ի՞նչ հնագույն մշակույթի մասին է խոսքը, երբ ամեն հնարավոր բան արատավորված է։ Ավելին, բնակչությունն այնպիսի ստորացման է հասցված, որ ուղղակի լռում է։ Գիրքը ոչինչ, բացի իմ հանդեպ ատելությունից, չի արթնացնի։

֊ Այդուհանդերձ, այսօր, միևնույնն է, չեք կարող վերադառնալ Ադրբեջան․․․

֊ Սկսենք նրանից, որ եթե վերադառնամ Ադրբեջան, ինձ ցմահ կկալանավորեն, կհայտարարեն հայրենիքի դավաճան ու կդատեն դավաճանության համար։  Դուք ասում եք, որ կան լրագրողներ, իրավապաշտպաններ, որոնք հանդես են գալիս Ալիևի ռեժիմի դեմ․ քանի դեռ նրանք չեն հասկացել, որ պետք է հանդես գալ ոչ թե Ալիևի ռեժիմի, այլ՝ հասարակության հիվանդությունների դեմ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի։ Նրանք պարզապես պետք է դա գիտակցեն։

֊ Ինչո՞ւ։ Կարելի է քայլ առ քայլ սկսել, ինչպես Հադիջան [Իսմայլովա] արեց․․․

֊ Իսկ ի՞նչ է, նա ինչ֊որ բան սխա՞լ է արել։ Ճիշտ է արել, բնականաբար։

֊ Ճիշտ է արել․ ես ասում եմ, որ նա քայլ առ քայլ սկսեց քանդել այդ կծիկը, չփորձեց միանգամից բացահայտել հասարակության բոլոր հիվանդությունները, բոլոր կեղծիքները, և այլն։

֊ Այո, լիովին համաձայն եմ։ Մի՞թե ես ասացի, որ պետք չէ այդպես անել։

֊ Ոչ, Դուք ասացիք, որ Ալիևի կլանի դեմ հանդես գալը բավական չէ․․․

֊ Իհարկե բավական չէ։ Քանի դեռ այս հասարակությունը չի հասկացել, որ իրեն կեղծված պատմություն են ներկայացրել, քանի դեռ այս հասարակությունը հետ չի գնացել ու չի հասկացել, որ իրեն արհեստական սահմաններ են ներկայացրել, քանի դեռ այս հասարակությունը չի հասկացել, որ որևէ կապ չունի 1915 թվականին տեղի ունեցացի հետ ու որ դա ընդհանրապես իրենց գործը չէ, քանի դեռ չի դադարել հավատալ անհեթեթ պրոպագանդային, ոչինչ չի ստացվի։

Գիտեք, շատ տարօրինակ է, որ ադրբեջանցիներն իրենք իրենց երբեք չեն հարցնում, թե որ հանրահավաքին, որտեղ ու երբ է Հեյդար Ալիևը հռչակվել ադրբեջանցիների ազգային առաջնորդ։ Չէ՞ որ դա ակնհայտ ինքնակոչություն է։ Այո, ես հիանալի գիտակցում եմ որ ցանկացած ադրբեջանցի քաղաքացու համար սարսափելի բաներ եմ ասում, նա կարող է դրանից խելագարվել, բայց չէ՞ որ դա է ճշմարտությունը։ Որտե՞ղ, ե՞րբ։ Աշխարհի բոլոր ադրբեջանցիների ինքնակոչ առաջնորդ․ լավ է հնչում, իհարկե․ բայց այլ կերպ ինչպե՞ս անվանել։ Ավելին ասեմ, այդ ընտանիքի իշխանությունն ընդհանրապես անօրինական է։ Ադրբեջանում եղել է առաջին  նախագահ, երկրորդ նախագահ՝ ընտրված օրինական կերպով։ Հեյդար Ալիևը, ըստ էության և օրենքի համաձայն, զավթիչ է․ եկավ և զավթեց իշխանությունը: Այս իշխանությունը բոլոր միջազգային նորմերով անօրինական է․ այդ մասին, սակայն, ձեռտնու չէ հիշել ոչ Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին։ Ձեռնտու չէ մի պարզ պատճառով՝ նավթ, էներգակիր, և վերջ։ Հետևաբար, ամեն ինչ ներվում է։ Այո, մակերեսայնորեն շոշափում են երբեմն՝ «ունեք մարդու իրավունքի ոտնահարումներ», «ունեք քաղբանտարկյալներ»։ Ինչո՞վ են զբաղված ադրբեջանցի իրավապաշտպանները։ Նրանք հաշվում են քաղաքական բանտարկյալներին՝ ինչպես ճտերի։ Դա բավական չէ, հասկանո՞ւմ եք։ Հաշվեցիք, և ի՞նչ։ Հաշվեցինք ու հպարտորեն թիկնեցինք բազկաթոռին։

֊ Պետք է ասել, որ այո՛, իրավապաշտպանները հաշվում են, ու մենք այդ թվերն ու ազգանունները գիտենք, սակայն արևմտյան հասարակությունը, որը պետք է որ ինչ֊որ կերպ արձագանքեր, չի արձագանքում․․․

֊ Հենց դա է, որ «պետք է որ»։ Բայց չէ՞ որ չեն արձագանքում։ Իրավապաշտպանությունն այսօր մեծ հաշվով պարզապես վերածվել է բիզնեսի, ու ոչ միայն Ադրբեջանում։ Այդ մարդիկ շրջում են Եվրոպայում, ելույթ ունենում տարբեր համաժողովներում, վատնում հսկայական գումարներ, իսկ արդյունքը գրեթե զրոյական է։ Ես դա տեսել եմ տարիներ շարունակ, ու հենց այնպես չեմ ասում։ Ես երկար տարիներ աշխատել եմ կազմակերպությունում, որը նման նիստեր էր կազմակերպում Եվրախորհրդարանում, Ժնևում, Վիեննայում, Հռոմում, որտեղ ուզեք։ Չնչին արդյունքով։ Գալիս են իրավապաշտպաններ, վիճում են, գոռում, գնում են ընթրելու ռեստորաններում ու տուն գնալուն պես հպարտանում, որ իրավապաշտպան են։ Դա իրավապաշտպանություն չէ, այլ՝ ձևականություն։ Դա, ինչ֊որ իմաստով, քաղաքական զբոսաշրջություն է։ Ցանկացած իրավապաշտպանի հարցրեք՝ 1․ Ղարաբաղն ո՞ւմ է պատկանում, 2․ եղե՞լ է արդյոք հայոց ցեղասպանություն, 3․ ո՞վ է մեղավոր Խոջալուի դեպքերի համար, և 4․ ինչպե՞ս են վերաբերվում Ադրբեջանում պատմության կեղծմանը․ համոզված եմ, որ բացարձակ մեծամասնությունը կամ պարզապես չի պատասխանի այդ հարցերին, կամ կստի։ Ի՞նչ է, կարծում եք Հայաստանում ռեժիմը որևէ կերպ տարբերվո՞ւմ է Ադրբեջանի ռեժիմից։ Ուղղակի փողն է քիչ, հետևաբար քիչ են թալանում։ Թալանի հնարավորություններն են քիչ։ Ի՞նչ է, կարծում եք Սերժ Սարգսյանի ռեժիմը որևէ կերպ տարբերվո՞ւմ է Ալիևի ռեժիմից։ Ոչնչով էլ չի տարբերվում։

֊ Պարզապես այնտեղ քարեր են ու չկա նավթ․․․

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ