Գլխավոր / Բանակ / Սահմանափակումով պիտանի ճանաչված զինվորները չեն կարող իմանալ՝ ինչն է հակացուցված իրենց առողջական վիճակին

Սահմանափակումով պիտանի ճանաչված զինվորները չեն կարող իմանալ՝ ինչն է հակացուցված իրենց առողջական վիճակին

Սահմանափակումով պիտանի ճանաչված և զինվորական ծառայության անցած զինվորները մինչ օրս չեն կարող իմանալ ինչ կերպ կարող են ծանոթանալ, թե զինծառայության որ պայմաններն են հակացուցված իրենց առողջական վիճակին, կամ վերջինից ելնելով ինչպիսի սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում։ Այս մասին ասված է «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության այսօր հրապարակած զինվորական ծառայությանը և բանակին վերաբերող հաշվետվության մեջ։

«Խնդիրը չկարգավորելու դեպքում՝ անբարեխիղճ հրամանատարական կազմի, սպաների կողմից հնարավոր հետագա չարաշահումներն այս հարցում կարող են շարունակվել, իրենց առողջական վիճակին հակացուցված ծառայության պայմանների, անթույլատրելի ֆիզիկական վարժությունների արդյունքում՝ կվտանգվեն «պիտանի՝ սահմանափակումներով» եզրակացությամբ զինծառայություն անցնող զինվորների առողջությունն ու կյանքը», — մասնավորապես, նշված է հայտարարության մեջ։

Դեռևս 2017 թվականին կազմակերպությունն իր մտահագությունն էր հայտնել այդ մասին՝ նշելով, որ 2015-2017 թթ.-ի ընթացքում իրենց դիմած, հայկական զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների հարազատները նշում են, որ չնայած այն բանին, որ իրենց զավակները առողջական փորձաքննության արդյունքում ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ սահմանափակումով, սակայն զորամասում նրանց նկատմամբ չի գործում որևէ արտոնություն և պարզ չէ, թե ինչ կերպ են արտահայտվում նշված սահմանափակումները նրանց ծառայության վրա։

Գործող օրենսդրության համաձայն՝ հիվանդությունների ցանկը սահմանվում է ՀՀ ՊՆ նախարարի 410-Ն հրամանով, սակայն զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումները սահմանվում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գաղտնի հրամանով։

Դեռևս 2017 թ-ի սեպտեմբերին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճեն:

«Դատաքննության ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, ինչը, սակայն, մինչ այժմ չի արվել։ Դեկտեմբերի 21-ին դատարանը պետք է արդեն հրապարակեր վճիռը, սակայն, արդյունքում որոշել է չհրապարակել այն և շարունակել դատաքննությունը», -նշված է հաշվետվության մեջ: