Գլխավոր / Բանտ / «Սասնա ծռեր»-ի գործողությունն աղավաղել են՝ որպես ապստամբություն չներկայացնելու համար

«Սասնա ծռեր»-ի գործողությունն աղավաղել են՝ որպես ապստամբություն չներկայացնելու համար

Իշխանություններն ընդունում են՝ «Սասնա ծռերի» գործողությունն ապստամբություն է, դրա համար դիտավորյալ աղավաղում են իրողությունը։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասել է «Սասնա ծռերի» գործով պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով քրեական գործում առկա հակասություններին։

«Ամենացայտուն հակասությունն այն է, որ քրեական գործում մեղադրական եզրակացությունը սկսում է այսպես․ Ժիրայր Սեֆիլյանը, Լիբանանի քաղաքացի լինելով, եկել է Հայաստան, պատերազմի է մասնակցել, հետագայում նրան մեղադրել են ապօրինի զենքի շրջանառության մեջ, և մի խումբ անձինք՝ նրա համախոհները, գրավել են ՊՊԾ գնդի տարածքը, պահանջ են դրել ազատել իրենց ընկերոջը։ Ստացվում է՝ «Սասնա ծռերը» բացառապես իրենց ընկերոջն ազատ արձակելու պահանջ են դրել», -ըստ փաստաբանի՝ բաց է թողնված քաղաքական գործոնը՝ նախագահի հրաժարականի և քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջները։ Քննությունը նաև փորձ է արել քրեական տեսանկյունից մեկնաբանել ամեն ինչ։ Հայրապետյանը նշում է, որ խումբն ընդհանրապես Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջ չի դրել։

«Շատ եմ մտածել և հասկացել եմ, որ իշխանություններն ընդունել են ապստամբության իրավունքի գոյությունը, ընդունել են, որ անձը ապստամբելու իրավունք ունի։ Եվ քանի որ հասկացել են, դիտավորյալ դեպքերը աղավաղել են, որ ապստամբության իրավունքի հոտ չգա», -ասել է Հայրապետյանը։

Ասուլիսի մասնակից, խմբի փաստաբաններից Մուշեղ Շուշանյանը, իր հերթին․ ավելացրել է, որ իրենց պաշտպանյալները համարում են՝ 2016-ի հուլիսի կատարած գործողությունն ապստամբություն է․ «Հայաստանում ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացված է, այդ կազմվել է որպես հանցավոր համագործացություն, այն զանգվածաբար խախտում է քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները, կեղեքում է քաղաքացիներին և այլ։ Եվ քանի որ ժողովուրդը զրկված է խաղաղ եղանակով ազատ ընտրելու իրավունքից, ժողովրդին չի մնում այլ ելք, քան զինված ապստամբությունը»։

Դրանից հետևում է, նշել է փաստաբանը, որ «Սասնա ծռեր»-ն ուղղակի իրականացրել են ապստամբության իրավունքը։ Հետևաբար՝ նրանց նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում։

«Սասնա ծռեր»-ի դատավարության մեկնարկից անցել է մոտ 8 ամիս։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ չի կարելի ասել, որ արդարադատություն է իրականացվում․ «Դա դատավարություն անվանումը կրող ձևական գործընթաց է։ Այս ընթացքում մենք օրինականության դաշտում գրեթե ոչ մի աշխատանք չենք իրականացրել»։

Նա նշել է, որ «Սասնա ծռերի» գործով ընթացող բոլոր 3 վարույթներում ընթանում են յուրովի ընթացակարգեր։ Յուրաքանչյուր դատավոր սեփական հայեցողությամբ է մեկնաբանում գործընթացը, որը սակայն պետք է իրականացվի մեկ սկզբունքով։

«Նման պայմաններում չենք կարող ակնկալել, որ կունենանք արդարադատության անունից կայացրած դատական ակտ», ֊ ասել է փաստաբանը։

Պապիկյանը նաև շեշտել է, որ խմբի անդամների մեղադրանքները անհատականցված չեն, բոլորը նույն արարքի մեջ են մեղադրվում, «նրանց կոլեկտիվ փաթեթով» մեղադրանք է առաջադրված։

Նրա խոսքով՝ դեռևս նախաքննության սկզբում վարույթն իրականաացնող մարմինը հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝ հետագայում գործողության մասնակիցների մեղադրանքները պետք է անհատականացվեն, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել։

Պապիկյանը նշել է, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ խմբի անդամներից շատերի նկատմամբ սպանության փորձ է կատարվել, սակայն մինչև այսօր որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա՝ արդյոք համաչափ է եղել նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելը։ Փաստաբանի խոսքով՝ ինքը բազմաթիվ անգամ դիմել է նախաքննական մարմիններին՝ խնդրելով տեղեկություններ Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարիյանի վերաբերյալ, արդյոք նրանք տուժող ճանաչվելու են, թե ոչ, քննություն կատարվում է, թե ոչ։

«Միշտ տրվում է ոչինչ չասող պատասխան․ կատարվում է քննություն, ավարտվի, տեղյակ կպահենք։ 1 տարի 6 ամիս այդ մասով բացարձակ զրո տեղաշարժ է, իսկ այդ երեք ոստիկանների դեպքում 1-3 ամսում մենք ունենք արդեն նախաքննական մարմնի կատարած գործը»։