Գլխավոր / Բանակ / 2010-ից ներբանակային խնդիրների պատճառով ավելի շատ զինծառայող է մահացել, քան հրադադարի խախտումից

2010-ից ներբանակային խնդիրների պատճառով ավելի շատ զինծառայող է մահացել, քան հրադադարի խախտումից

2010-2017 թվականներին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանում և Արցախում մահացել է 235 զինծառայող, 296 զինծառայողների կորուստը պայմանավորված է առավելապես ներքին գործոններով։ Դրանցից են, օրինակ, զորամասերում անպատժելիության մթնոլորտն ու ամենաթողության հետևանքով սպանությունները և ինքնասպանությունները, նաև անփութությամբ պայմանավորված դժբախտ պատահարները, առողջական խնդիրներով բանակ զորակոչված զինվորների մահվան դեպքերը։ Այս մասին ասված է «Խաղաղության երկխոսության» կազմակերպության այսօր ներկայացված հաշվետվության մեջ։

Հաշվետվության հեղինակները հենվել են այն տվյալների վրա, որոնք տարիների ընթացքում հավաքագրել է կազմակերպության կողմից գործարկվող safesolider.am կայքը։

Գրանցված կորուստների ընդանուր թիվը կազմել է 531:

2010-2017 թվականներին գրանցվել է սպանության 56 դեպք, ինքնասպանության՝ 69, դժբախտ պատահարների՝ 90, առողջական խնդիրների հետևանքով մահացել է 39, անվտանգության կանոնների խախտման՝ 16, պաշտոնեական անգործության և անփութության հետևանքով՝ 9 զինծառայող։ 17 զինծառայողի մահվան պատճառները կազմակերպության աշխատակիցներին պարզել մինչ այժմ չի հաջողվել։

235 զինծառայողներ զոհվել են հրադարարի ռեժիմի խախտման հետևանքով։

«Տեսանելի է նաև, որ 2013 թ.-ից հետո հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թվի աճին գրեթե զուգընթաց աճել է նաև սպանություններին, ինքնասպանություններին, դժբախտ պատահարներին, առողջական խնդիրներին, անփութությանը և այլ պատճառներին զոհ գնացած զինվորների թիվը:

Թվում է, թե զինվորական ծառայության ընթացքում մահացության այս բարձր ցուցանիշները պետք է անհանգստություն առաջացնեին ոլորտին առնչվող պաշտոնական օղակներում։ Կարելի է ենթադրել, որ ոչ մարտական կորուստների նվազեցմանն ուղղված գործողություններին առաջնություն պետք է տրվեր պաշտպանական ոլորտի քաղաքականությունը որոշող փաստաթղթերում, սակայն, չնայած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակական հորդորներին և առաջարկներին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019 թթ.-ի գործողությունների ծրագրում այդ ուղղությամբ որևէ ուղղակի գործողություն այդպես էլ չնախատեսվեց։

Կանխարգելիչ գործողությունների շուրջ «լռում» է նաև 2017թ.-ին հանրությանը ներկայացված «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա շրջանակներում ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին » ՀՀ օրենքի նախագիծը», — ասված է «Խաղաղության երկխոսության» հաշվետվության մեջ։