Գլխավոր / Ազգային ժողով / Արտակ Շաբոյանը կրկին հերքեց մենաշնորհների գոյությունը և արդարացրեց թանկացումները

Արտակ Շաբոյանը կրկին հերքեց մենաշնորհների գոյությունը և արդարացրեց թանկացումները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ամենամյա այցն Ազգային ժողով այս տարի ոչնչով չէր տարբերվում նախորդներից։ Պատգամավորները հարցրեցին մենաշնորհներից, Շաբոյանը նախորդ տարիների օրինակով ասաց, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ։

Շաբոյանը կռահել է, որ նախ և առաջ պատգամավորների խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շաքարավազի ոլորտում մենաշնորհային դիրք ունենալու մասին է, և ասել, որ շաքարավազի շուկայում գները 14 դրամով իջել են։

Պատգամավորները հարցրել են բենզինի գների բարձրացման մասին։ Բանախոսն ասել է, որ բենզինի և գազի գինը բարձրացել է 20 դրամով, դիզելային վառելիքինը՝ 60 դրամով։ Այս թանկացումները Շաբոյանը բացատրել է աքցիզային հարկի բարձրացմամբ, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ ավելացված արժեքի հարկի կիրառմամբ։

«Բենզինի վաճառքով հիմնականում զբաղվում են երկու 2 ընկերություններ, որոնք նաև ներկրող են։ Բնականաբար, այդ երկու ներմուծողներն են գնագոյացման վրա ազդում», ֊ ասել է Շաբոյանը։

Լսումների մասնակից, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է Շաբոյանին․ «Ձեր հանձնաժղովը պետք է լինի սպառողների պաշտպանը։ Դուք ինքներդ ասեցիք, որ վառելիքի շուկայում մենաշնորհ է։ Ընդամենը երկու կառույց են ներկրում, ու կորպորատիվ համաձայնության գալը հեշտ է։ Երբ որ նավթի գինը 100 դոլարից իջավ 40֊50 դոլարի, մենք հարցնում էինք՝ ինչու բենզինի գինը չի իջնում, մեզ ասում էին՝ նավթի տեսակարար կշիռը 7 տոկոս է, բենզինի գինը իջավ 20 դրամով, երբ բոլոր հաշվարկներով պետք է իջներ 100-120 դրամով։ Հիմա նավթի գինը մի փոքր բարձրացել է, մեր մոտ բենզինի գինը բարձրանում է»։

Արտակ Շաբոյանն էլ կրկին սկսել է թանկացումները բացատրել շուկայի կառուցվածքով։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատել է, որ չպետք է ամեն ինչը բարդել շուկայի վրա։ Արամ Սարգսյանն էլ հռետորական հարց է տվել՝ եթե շուկան է ամեն ինչ որոշում, ապա որն է Տնտեսական մրցակցության պաշտանության պետական հանձնաժողով ունենալու իմաստը։