Գլխավոր / Դատարան / Դատախազությունը Սերժ Սարգսյանի խոսքում հանցագործության տարրեր չնկատեց

Դատախազությունը Սերժ Սարգսյանի խոսքում հանցագործության տարրեր չնկատեց

ՀՀ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. դեկտեմբերի 9-ին արած հայտարարության մեջ հանցագործության հատկանիշներ չկան։ Այս մասին նշված է Դատախազության՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին (ՀՔԱՎ) ուղարկված պատասխանում։

ՀՔԱՎ֊ը Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2017 թ. դեկտեմբերի 13-ին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված Դիլիջանում կայացած խորհրդաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի արած հայտարարության հիման վրա:

Սարգսյանը, մասնավորապես, նշել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ․․․

․․․ Շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ։ Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է»։

ՀՔԱՎ֊ն արձանագրել էր, որ Սերժ Սարգսյանը միտումնավոր կոծկել է համայնքապետերի կատարած հանցագործությունները, որի հետևանքով դրանք իրավական գնահատականի չեն արժանացել: Այդ հիմքով կազմակերպությունը պահանջել էր քրեական պատասխանատվության ենթարկել Սարգսյանին՝ նրա հայտարարության մեջ հիշատակված համայնքների ղեկավարներին և վերջիններիս ներելու համար միջնորդ հանդիսացած անձանց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հանցագործությունը պարտակելու, կաշառք ստանալու կասկածի հիմքով:

ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հաղորդման մեջ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ չի տեսել, որոնք «կարող են հիմք հանդիսանալ ստուգելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար»:

«Ավելին՝ հերթական անգամ ՀՀ Գլխավոր դատախազությունը ոչ թե որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, այլ որպես պատասխան՝ պարզապես գրություն է ուղարկել՝ դրսևորելով անգործություն։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ դիմել է դատարան՝ ՀՀ Գլխավոր դատախազության դրսևորած անգործությունը վերացնելու և օրենքով սահմանված կարգով որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջով», ֊ ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության մեջ: