Գլխավոր / Ազգային ժողով / ԿԲ նախագահը գնաճը բացատրեց կարագը ձեթից օգտակար լինելու օրինակով․ ԱԺ֊ում ծիծաղում էին

ԿԲ նախագահը գնաճը բացատրեց կարագը ձեթից օգտակար լինելու օրինակով․ ԱԺ֊ում ծիծաղում էին

Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանին հարցեր ուղղելը պարզվում է օրենքով սահմանված չէ։ Այս մասին Ազգային ժողովում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով այսօր մեկնարկած խորհրդարանական լսումներին հայտարարել է ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

«ԱՎԾ-ն չի կարող ներքաշվել քաղաքական քննարկումների մեջ։ Նա բացառապես ներկայացնելու է իրավիճակն ու թվերը»,֊ ասել է Հարությունյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչո՞ւ չեն կարող հարցեր ուղղվել ԱՎԾ պետին:

Արձանագրված փաստի հետ կապված փոքր բանավեճը մեղմելու և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի «կառուցողական դաշտ» վերադառնալու կոչերն «ընդմիջվեցին» ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ելույթով, որը հայտարարեց, որ 2017 թվականին 2.6 տոկոս գնաճը ԿԲ֊ն կանխատեսել էր։ Բացի դա, Ջավադյանը մանրամասնեց, թե ինչ ասել է գնաճ։

«Գնաճը, բացի նրանից, որ գոյական է և նշանակում է գների աճ, նաև սպառողական ինդեքսների տարբերության մակարդակ է»,֊ ընդգծել է Ջավադյանը։

ԿԲ նախագահի ելույթը, սակայն, միայն թվերից և բառերի ծագումնաբանության մասին բացատրությունից չէր բաղկացած։ Ջավադյանը մանրամասնեց, թե ինչով էր պայմանավորված վերջին մի քանի ամսում կարագի գնի կտրուկ աճը:

«Կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է և բազմիցս հայտարարություններ են եղել։ Դեռ մայիս, հունիս ամիսներին հրապարակվեց մի քանի զեկույց Առողջապահության միջազգային կազմակերպության և մի քանի այլ հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որտեղ այն վնասակարությունը, որի մասին մինչև այդ խոսում էին կարագի մասով խոլեստերինի հետ կապված, առողջության և մի շարք այլ հիվանդությունների այդքան էլ ճիշտ չի գնահատվել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագը օգտակար է, իսկ ձեթի օգտագործումը կոնցեռագեն բնույթ է կրում և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը»,֊ ասել է Ջավադյանը։

ԿԲ նախագահը պնդեց, որ հենց այդ ուսումնասիրություններից հետո մի շարք երկրներում ավելացավ կարագի սպառումը և պահանջարկը, այդ թվում՝ ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում և Եվրոպայի մի քանի այլ պետություններում կարագի դեֆիցիտ եղավ։ Այդ պատճառով էլ, վստահ է Ջավադյանը, կարագի գները կտրուկ բարձրացան և «կար իրավիճակ, երբ խանութներում կարագ գնելը շատ խնդրահարույց էր»։

Ձեթի վնասակարության և կարագի օգտակարության մասին Ջավադյանի ներկայացրած վերլուծությունը ծիծաղ առաջացրեց ԱԺ֊ում հավաքվածների մոտ, ինչից վրդովված Ջավադյանը խնդրեց «մինչև վերջ լսել» իրեն։

«Բազմիցս հրապարակվել է տարբեր հեղինակավոր ամսագրերում, մեր կողմից ևս հրապարակվել է, թե ի՞նչն էր կարագի թանկացման պատճառը։ Ես ուղղակի մտա բուն պատճառի մեջ, որը դուք միգուցե հումորով մի քիչ ընդունեք, բայց դա այդպես է»,֊ եզրափակել է նա։