Home / Բանտ / Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի վիճակը վատացել է․ նրա խափանման միջոցը չեն փոխում

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի վիճակը վատացել է․ նրա խափանման միջոցը չեն փոխում

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը վատացել է կալանավայրում գտնվելու ընթացքում։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Իրենց համար ավելի լավ է մարդը կալանավայրում մահանա, քան կալանքը փոխարինեն այլ խափանման միջոցով»,֊ նշել է Էլբակյանը։

Փաստաբանն ասել է, որ Բարսեղյանի առողջական վիճակը շատ է վատացել հատկապես անցած դատական նիստին՝ հունվարի 25֊ին։ Ինքը միջնորդել է նիստը հետաձգել, սակայն դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է միջնորդությունը՝ ասելով, որ Բարսեղյանի առողջական վիճակը «բավարար է» նիստին մասնակցելու համար։

Էլբակյանի խոսքով՝ դատականի նիստի ժամանակ Բարսեղյանի արյան ճնշումն հասել է 220֊ի, հրավիրվել է շտապօգնություն։

«Շտապօգնության բժիշկն ասաց, որ կարող են միայն ներարկում անել և 30 միավորով իջեցնել ճնշումը։ Բժիշկն ինքն իրեն հակասեց՝ ասելով, որ իմ պաշտպանյալի վիճակը բավարար է նիստին մասնակցելու համար։ Հատկապես որ բժիշկները զգուշացրել են, որ ճնշման բարձրացումների դեպքում վտանգ կա, որ երկրորդ անգամ ուղեղի կաթված կտանի։ Այս ամենը նշանակություն չունի դատավորի ու շտապօգնության բժշկի համար», ֊ պատմել է Էլբակյանը։

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 19-ին, բանտի աշխատակիցները Բարսեղյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտության։ Մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ վահանաձև գեղձում բազմաթիվ կիստաներ, աթերոսկլերոզ։ Հայտնաբերվել է նաև, որ Բարսեղյանը ուղեղի կաթված է տարել;

«Այսպիսի վերաբերմունքն ամբաստանյալի առողջության հանդեպ միայն Բարսեղյանի դեպքում չէ, այլ համատարած։ Ես ունեմ մեկ այլ պաշտպանյալ, ում շաքարը հասել է 24֊ի, դատավորը մերժում է կալանքը վերացնել, ասում է՝ բանտերում հիվանդ մարդիկ չկա՞ն»,֊ ասել է Էլբակյանը։