Home / Մշակույթ / Երևանում խափանեցին «հակահայ» Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը․ այն կկայանա փետրվարի 7-ին

Երևանում խափանեցին «հակահայ» Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը․ այն կկայանա փետրվարի 7-ին

Եղիշե Չարենցի տուն֊թանգարանի տնօրինությունը, խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է տարածք տրամադրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի համար։

Սաակաշվիլիի «Ուժերի Զարթոնք» գրքի թարգմանությունը նախաձեռնած Միքայել Նահապետյանը Epress.am֊ի հետ զրույցում պատմել է․ «Մենք Չարենցի տուն֊թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ պայմանավորվել ենք հունվարի 25-ին, նույն օրը երեկոյան ես ֆեսբուքում բացեցի «միջոցառումը»։ Հունվարի 26֊ին մեզ թանգարանից տեղեկացրեցին, որ տեխնիկական հարցեր կան պայմանագիր կնքելու հետ կապված ու որ չենք կարող իրենց մոտ անել շնորհանդեսը»։

Այժմ կազմակերպիչները փոխել են հանդիպման օրը․ շնորհանդեսը կկայանա փետրվարի 7֊ին, վայրը՝ դեռ որոշված չէ։ Գիրքը հրապարակվել է 250 օրինակ տպաքանակով։

«Ես ցավում եմ, որ գրքի շուրջ քննարկում եղավ ավելի շուտ՝ մինչև գիրքը կարդալը։ Ես կարող եմ ասել իմ մոտիվացիան՝ ինչու եմ ուզել թարգմանել։ Մեր քթի տակ պետություն է փոխվել, ֆունդամենտալ փոփոխություն է տեղի ունեցել, չեմ ասում՝ լավ, թե վատ։ Մարդիկ ունեն տեղեկություն ստանալու ազատություն, էդ փոփոխությունը իրականացնող թիմի տեսակետը լսելու ազատություն, տեսնելու՝ ինչ մեթոդներով են տեղի ունեցել այդ փոփոխությունները, դրանց որ մասից արժի սովորել, կիրառել, որը՝ ոչ»․ ֊ ասել է Միքայել Նահապետյանը։

Սոցցանցերում այս գրքի շնորհանդեսի չկայանալը համեմատում են ամիսներ առաջ ստալինյան բռնաճնշումներին վերաբերող «Խավարում» ցուցահանդեսն արգելելու հետ։ Մշակույթի նախարարությունը դեռ լռում է․ նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը լրագրողներին խնդրում է գրավոր հարցում ուղարկել։ Չարենցի տուն֊թանգարանի տնօրեն Ասատրյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Միջոցառման ֆեյսբուքյան էջում հայաստանցիները ծայրահեղ հակասական կարծիքներ են հայտնում Սաակաշվիլիի մասին․ ոմանք հիացած են նրա բարեփոխումներով, ոմանք մեղադրում են նրան «հակահայ» լինելու մեջ։ Մասնավորապես, Բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանը գրել է․ «(Գիրքը) Սաակաշվիլու նստեցրած Ջավախքահայերի մասին չի՞պատմում»։