Home / Բանակ / Լրագրողներին խոստացել են «Շառլի Էբդոյի» օրը գցել․ ինչպես են Ֆեյսբուքում «պաշտպանում» Վիգեն Սարգսյանին

Լրագրողներին խոստացել են «Շառլի Էբդոյի» օրը գցել․ ինչպես են Ֆեյսբուքում «պաշտպանում» Վիգեն Սարգսյանին

Medialab.am կայքի անձնակազմը սպառնալիքներ է ստացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որի կապակցությամբ կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը պատրաստվում է ոստիկանություն դիմել։ Սպառնալիքները զետեղվել են ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին անդրադարձող ծաղրանկարի ֆեյսբուքյան հրապարակման տակ՝ մեկնաբանության տեսքով։

«Բոշի ծաղիկները» անվանված ծաղրանկարը վերաբերել է նախորդ տարեվերջին Պաշտպանության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով 7 մլն դրամի ծաղիկներ ու ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելուն։

Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը հրապարակման տակ գրել է․ «Ձեզ չի թվում, որ ձեր չափը անցել եք», հետո անուղղակի հիշեցրել է ֆրանսիական «Շառլի Էբդո» թերթի  աշխատակիցների մասին․ «…Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»։

«Մեկնաբանողը ֆեյք չէր և անգամ մի քանի հոգի ասեցին, որ ՊՆ֊ի սպայական անձնակազմից է։ Ես, իհարկե, չգիտեմ որքանով է դա ճիշտ։ Մեկնաբանությունից հետո նա անցավ անձնական նամակների տիրույթ և սկսեց սպառնալիքներ ուղղել նաև անձնական նամակներով։ Գրում էր, թե պետք է լավ իմանամ՝ ում դեմ եմ դուրս գալիս, անգամ ժամացույց էր ուղարկել, որ ժամանակը գնում է»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ այժմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջոցով պատրաստվում են իրավապահ մարմիններին դիմում ներկայացնել։

Նրա խոսքով՝ օգտատերը մեկնաբանությունը հետո հեռացրել է, բայց, Վիգեն Սարգսյանին վերաբերող այլ ծաղրանկարի հրապարակման տակ այս անգամ մեկ ուրիշ օգտատիրոջ կողմից նմանատիպ սպառնալիքներ ևս եղել են։

«Իրականում ինտերնետային բազմաթիվ սպառնալիքներ ենք ստացել։ Որպես կանոն, այդ սպառնալիքների մեջ գերակշռում են ակնարկները, անընդհատ հիշեցնում են «Շառլի Էբդոյի» դեպքերը, դա միշտ կա և նորություն չի։ Ուղղակի ես ընթացք չեմ տվել։ Միայն մեկ անգամ ենք ընթացք տվել, երբ հոկտեմբեր ամսին մեզ մոտ հրապարակվեց Մհեր Արշակյանի՝ Գորիկ Հակոբյանի մասին հոդվածը։ Ֆեյսբուքում հրապարակել էինք և հրապարակման տակ ֆեյք օգտատերը կյանքին ուղղված ակնհայտ սպառնալիքներ էր գրել։ Առհասարակ «չեք մարսելու» արտահայտությունն էլ է շատ շոշափվում և ինձ էլ անձնական նամակներով շատ են գրում»,֊ ընդգծում է Գրիգորյանը։

Խմբագիրը նշում է, որ Մհեր Արշակյանի դեպքից հետո անցել է մի քանի ամիս, սակայն ոչ մի բան չի բացահայտվել․ «Չնայած Մհերի հետ խոսել եմ և ասել է, որ պետք է գնա ցուցմունք տա, բայց ես կարծում եմ՝ այդ ցուցմունքը կապ չունի, քանի որ փաստերը կան և նրանք կարող էին շատ արագ բացահայտել այդ ֆեյք մեկնաբանությունն անողին»։

Վիրտուալ դաշտում «Մեդիալաբին» ուղղված սպառնալիքներից բացի, խմբագրության աշխատակիցները նաև իրական կյանքում են ճնշման ենթարկվել։

«Սպառնալիքներ շատ են եղել։ Կոչեր են անում սպանել, բռնաբարել, մորթել ծաղրանկարների հեղինակներին։ Եվ բացի նման սպառնալիքներից, նաև իրական սպառնալիքներ են եղել։ Մեր ծաղրանկարիչներից մեկը, ով ապրում է արտերկում, ինչ֊որ պահից սկսած դադարեցրեց մեզ հետ աշխատել, քանի որ Հայաստանում անծանոթ մարդիկ այցելել էին իր մորը, հարևաններին հարցեր տվել նրա մասին։ Եվ նա ուղղակի չուզեց շարունակել՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում, որ իր ծնողները որևէ խնդրի առաջ կանգնեն»,֊ ասել է Գրիգորյանը։

Նա նշել է նաև, որ դեռ 2016֊ին իր մեքենայի վրա կատարած հարձակումը [կոտրել էին Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի ապակին և միջից գողացել ծաղրանկարները], մինչ օրս չի բացահայտվել․ «Ոչ մեկ այդպես էլ չհայտնաբերվեց, ինչը տարօրինակ է, քանի որ այդ թաղամասում բոլոր ճանապարհներին տեսախցիկներ են տեղադրված և այդ դեպքը բացահայտելը շատ հեշտ կլիներ»։

«Մեդիալաբի» խմբագիրը նշում է, որ Հայաստանում լրագրողական համայնքը նման դեպքերում չպետք է լռի։

«Ես չեմ ակնկալում, որ ծաղրանկարները բոլորին դուր կգան, բայց կյանքին ուղղված սպառնալքիներ չպետք է հնչեն։ Կարող են չհամաձայնել բովանդակության, մատուցման, շեշտադրումների հետ, բայց սա իրավունք չի տալիս, որ սպառնան լրատվամիջոցին։ Ես ամեն դեպքում չեմ ուզում, որ [լրատվամիջոցները] լռեն։ Ես չգիտեմ, թե լրագրողական համայնքը ինչ դիրքորոշում պետք է դրսևորի, բայց կարծում եմ, որ պետք է ուշադիր լինեն այս ամենին։ Ամեն դեպքում Մհեր Արշակյանի դեպքում էլ արձագանքներ շատ չեն եղել»,֊ ընդգծում է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ իրենք «բացարձակ վախեցած» չեն, ուղղակի հոգնել են սպառնալիքներից և չեն ցանկանում մեկնաբանություններն այդպես թողնել։