Home / Դատարան / ՊԵԿ նախկին ղեկավարի գործողությունների հետևանքով Հայաստանի դեմ ևս մեկ վճիռ է կայացվել

ՊԵԿ նախկին ղեկավարի գործողությունների հետևանքով Հայաստանի դեմ ևս մեկ վճիռ է կայացվել

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը խախտել է Եվգենյա Ֆիդանյանի աշխատանքային իրավունքները՝ 2009 թվականին ազատելով նրան ՊԵԿ֊ում զբաղեցրած պաշտոնից:

Ֆիդանյանի օգտին վճիռներ են կայացրել հայաստանյան բոլոր երեք ատյանների դատարանները, սակայն Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը (ԴԱՀԿ) չի հետևել, որպեսզի դատական ակտերն իրականացվեն։ Ֆիդանյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հունվարի 11-ին ՄԻԵԴ֊ը «Ֆիդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ևս բավարարել է դիմողի պահանջը և պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը նրան վճարել 19 065 եվրո՝ երեք ամսվա ընթացքում։

Ֆիդանյանը պաշտոնից ազատվել էր 2009 թվականին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն անգործության է մատնվել մոտ 1.5 տարի, և 2011 թվականի հուլիսին կարճել է ԴԱՀԿ կատարողական վարույթն այն հիմքով, որ «անհնարին է դարձել դատական ակտի կատարումը»։ Հայաստանի դատարանների որոշմամբ՝ Ֆիդանյանը պետք է վերականգնվեր աշխատանքի նույն միջին աշխատավարձով, որը նա ստանում էր մինչ ազատվելը։ Կնոջ բողոքարկումից հետո ԴԱՀԿ֊ը հայտնել է, որ քանի որ ՊԵԿ֊ը վճարել է նրան 1,197,748 դրամ հարկադիր պարապուրդի համար, ԴԱՀԿ վարույթը կարճվել է։ Ըստ պետական մարմնի՝ վճիռն աշխատանքի վերականգման մասով չէր կարող կատարվել, քանի որ, ինչպես արդարացել է ԴԱՀԿ֊ը, Ֆիդանյանի զբաղեցրած պաշտոնն արդեն չկա։

Եվրոպական դատարանը նշում է, որ Ֆիդանյանին կարող էին այլ ազատ աշխատատեղ տրամադրել ՊԵԿ֊ում, իր պաշտոնը լուծարելը չէր կարող հիմք հանդիսանալ դատարանի որոշումը չկատարելու համար։

ՄԻԵԴ֊ը անհիմն է համարել ՀՀ կառավարության առարկությունը, թե Ֆիդայանը չի սպառել ներպետական բողոքարկման մեխանիզմները։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ ԴԱՀԿ֊ը միակ մարմինն է Հայաստանում, որը զբաղվում է դատական ակտերի կատարմամբ։

Ֆիդանյանի օգտին կայացված վճռում նշված է նաև, որ խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված)․ ընդգծվում է, որ դատական որոշումը բավարար չէ, այն նաև պետք է կատար ածվեր։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից գործողություններից տուժածները հաղթում են Եվրոպական դատարանում։ «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ֊ը ճանաչել էր, որ նախկին հարկային տեսուչ Ռոբերտ Նիկողոսյանը ևս ապօրինաբար է ազատվել աշխատանքից։

Նիկողոսյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ 2009 թվականին ՊԵԿ֊ից հեռացվել են 75 աշխատակիցներ։

Սա առաջին դեպքը չէ նաև, երբ ԴԱՀԿ֊ի անգործությունն է դառնում Հայաստանի դեմ կայացրած ՄԻԵԴ վճռի պատճառ։

2017 թվականի ընթացքում 3 ՄԻԵԴ վճիռ է կայացվել Հայաստանի դեմ՝ ԴԱՀԿ անգործության պատճառով.

Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի

Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի

Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի