Home / Ազգային ժողով / Լրագրողին հարվածած պատգամավորի դեմ գործը կարճելն անօրինական էր․ Վճռաբեկ դատարան

Լրագրողին հարվածած պատգամավորի դեմ գործը կարճելն անօրինական էր․ Վճռաբեկ դատարան

Դաստիարակչական նպատակներով լրագրողին հարվածելը կամ ընդամենը մեկ անգամ ապտակելը չի ազատում պատասխանատվությունից։ Վճռաբեկ դատարանն այսօր որոշել է, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կողմից բռնություն կիրառելու առթիվ քրեական գործը պետք է վերաբացվի։

Հատուկ քննչական ծառայությունը Մակարյանի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցել, սակայն հետագայում կարճել՝ պատճառաբանելով, որ ապտակը ծեծ չէ։ ՀՔԾ֊ի քննիչները հաշվի չէին առել նաև այն, որ Ռուբիկ Հակոբյանն ընդունել էր, որ հարվածել է Մակարյանին և ներողություն չէր խնդրել։ Նախկին պատգամավորը հայտարարել էր, որ հարվածել է լրագրողին դաստիարակելու համար։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտմբերի 7-ին՝ Ազգային ժողովի միջացքում, երբ լրագրող Մակարյանը փորձեր է հարցեր տալ պատգամավոր Հակոբյանին։

«Հարցեր տվեց․․․ մինչև փորձում էի բացատրեի, բառը բերանս կիսատ մնաց, միանգամից հայհոյեց ու խփեց դեմքիս․․․ նա նաև սպառնացել է… ասաց, որ սրանով չեմ պրծնի», ֊ ասել է Մակարյանը։

Պատգամավորի պահվածքը գնահատելու համար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դիմել էր Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին։ Վերջինս մերժել էր քննել կատարվածը։