Գլխավոր / Բնապահպանություն / Թեղուտի հանքը վարկերը մարելու խնդիր ունի․ աշխատանքից 1200 մարդ են ազատում

Թեղուտի հանքը վարկերը մարելու խնդիր ունի․ աշխատանքից 1200 մարդ են ազատում

2014 թվականից Լոռու մարզի Թեղուտի անտառում պղնձի և մոլիբդենի խնդրահարույց արտադրությամբ զբաղվող «Վալեքս գրուպ» ընկերությունների խումբը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը և գրեթե բոլոր աշխատողներին՝ 1200 մարդ, ազատում է աշխատանքից։ Ընկերությունը վստահեցնում է, որ աշխատակիցների պայմանագրերը լուծելու է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգի։

Հանքարդյունաբերական գործողությունների դադարեցումը շահագործողը պատճառաբանում է նրանով, որ պետք է գիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելուն լծվի, որպեսզի ընդլայնի արտադրական ծավալները և կարողանա վերադարձնել ներգրավված վարկային միջոցները ու հավելյալ արդյունք ձևավորի։ «Թեղուտ» ՓԲԸ֊ն ցանկանում է հանքավայրն ընդլայնել մինչև 15 միլիոն տոննա/տարի ծավալով։

Լոռու մարզի Շնող համայնքի 86 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ պահանջելով մերժել հանքավայրի ընդլայնման ծրագիրը։

Թեև փետրվարի 2-ին տարածած հայտարարության մեջ «Վալեքս գրուպը» ընդունում է, որ վարկերի մարման խնդրի առաջ է կանգնած, մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարության մեջ հանքաարդյունաբերողը պնդում էր, որ 2017 թվականին գրանցել է «աննախադեպ ու պատմական ցուցանիշներ՝ ավելացնելով հանքաքարի արդյունահանման ծավալները 2 մլն. տոննայով, իսկ պղնձի խտանյութի արտադրությունը՝ 31. 000 տոննայով»։

Հունվարի 24-ի հայտարարության մեջ ասված էր նաև, որ Թեղուտում աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավել, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը։

««Թեղուտ» ընկերության համար 2018թ. հավանաբար լինի դժվար տարի, քանի որ բացի վերոնշյալ արտադրական և տեխնոլոգիական խնդիրներից, ընկերության վրա դրված է նաև բանկերի առջև վարկային պարտավորությունների ծանր բեռը»,֊ հայտարարել էր «Վալեքս գրուպը»։

Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ֊ի ֆինանսական խնդիրներն ավելացել այն բանից հետո, երբ 2017 թվականի հոկտեմբերին դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) և PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը հայտարարեցին, որ դադարեցնում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։

Ֆինանսական միջոցները հանքավայրի աշխատանքի դադարեցման հնարավոր պատճառներից մեկն է։ Ըստ բնապահպանների՝ հանքի շահագործման դադարեցումը նաև հնարավոր է պայմանավորված է բնապահպանական աղետալի վիճակով, որ հարուցել է 3 տարվա հանքաարդյունաբերությունը։ Հունվարի 20֊ին «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը տարածել է տեսանյութ, որտեղ երևում են Թեղուտի հանքի տարածքից դուրս եկող թունահարույց ջրերը։

2016 թ-ին Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստած «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցի համաձայն՝ Թեղուտի պոչամբարը շատ արագ է լցվում և չի համապատասխանում բնապահպանական և անվտանգության չափանիշներին: Զեկույցում նաև նշված է, որ ընկերությունը պետք է միջոցառումներ ձեռնարկի այն սցենարի համար, որ եթե հանկարծ պոչամբարի պատվարը փլուզվեց, ինչպես պետք է տարհանել բնակչությանը կամ կանխարգելել վտանգավոր երևույթները: