Home / Շուկա / Կառավարությունը պատրաստվում է գյուղացիներից խլել չօգտագործվող հողամասերը

Կառավարությունը պատրաստվում է գյուղացիներից խլել չօգտագործվող հողամասերը

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել ընթացակարգեր, որոնցով կդադարեցվի հողամասի նկատմամբ սեփականատերերի իրավունքները, եթե նրանք չեն օգտագործում իրենց՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Այս մասին հայտնում է Կառավարության կայքը։

Կառավարության այսօրվա նիստին վարչապետը նշել է, որ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես, միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար նման ոռոգելի հողատարածք։

Կարապետյանը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ՝ «հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմներին և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին»։

«Կարծում եմ՝ սա խնդիր է, որովհետև մենք ջանքեր ենք գործադրում, միջոցներ ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքներն ավելացնենք, սակայն ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին», – նշել է Կարեն Կարապետյանը: