Home / Կրթություն / Նախադպրոցական կրթություն․ մոբիլ մանկապարտեզներ մարզերում

Նախադպրոցական կրթություն․ մոբիլ մանկապարտեզներ մարզերում

Հայաստանում գյուղաբնակ երեխաների զգալի մասը զրկված է նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Ճամբարակում գործող Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունն առաջարկում է «մոբիլ մանկապարտեզների» համակարգ, որն ընդամենը 250 հազար դրամով (մեկ համայնքում) պատրաստ է լուծել երեխաների կրթության խնդիրը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրն առայժմ իրականացվելու է 4 մարզերում՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք և Կոտայք։ Epress.am-ը զրուցել է ՀԿ-ի նախագահ Իրինա Հովհաննիսյանի հետ, որը պատմել է դաշտում առկա խնդիրների մասին։

Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Save The Children միջազգային կազմակերպության վերջին վիճակագրության համաձայն, նշված 4 մարզերում երեխաների 55.5 տոկոսը նախադպրոցական կրթություն չեն ստանում։ Ընդ որում՝ այդ 55.5 տոկոսի մոտ 80֊ը գյուղաբնակ երեխաններ են։

«Փաստորեն, այդ երեխաները սկսում են դպրոց հաճախել ոչ հավասար պայմաններում», – ընդգծում է Հովհաննիսյանը։

Պիլոտային ծրագիրը մեկնարկել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի երկու բնակվայրեում հոկտեմբերի 1-ից։ Մոբիլ մանկապարտեզների նորարար համակարգը պատրաստվում են իրականացնել վերոնշյալ 4 մարզերի երկուական համայնքներում։ Հաջողության դեպքում այն արդեն կարող է ներդրվել Հայաստանի բոլոր մարզերում։

«Այժմ հետազոտություն ենք անում, փորձում են ընտրել ամենակարիքավոր համայնքները, որտեղ չկան մանկապարտեզներ և նախակրթարաններ։ Պարտադիր պայման է, որ տվյալ համայնքում նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը լինի առնվազն 15», ֊ նշել է Հովհաննիսյանը։

Այսօր Հայաստանում գործող, այսպես կոչված, տիպային մանկապարտեզներն առաջարկում են «կրթություն և խնամք» մոդելը։ Այդ մանկապարտեզներում հիմնական ծախսատար մասը հենց խնամքն է։

Այդ մանկապարտեզներում հիմնական ծախսատար մասը հենց խնամքն է։

«Մոբիլ մանկապարտեզները թույլ են տալիս մի համայնքում ամբողջությամբ լուծել նախադպրոցական կրթության խնդիրը ընդամենը 250 հազար դրամով։ Դրան հակառակ՝ կրթություն-խնամք տեսակի մանկապարտեզները ուղղակի խմում են փողերը», – ասել է ծրագրի հեղինակը։

Նան նշում է, որ գյւղական համայքներում «խնամք» բաղադրիչի կարիքը հիմնականում չկա։ Կանայք այնտեղ առավելապես զբաղվում են տնային տնտեսությամբ, քանի որ հատկապես գյուղերում համատարած գործազրկություն է։ Անգամ եթե մայրն աշխատում է, երեխային ընտանիքի անդամներից մեկը կարող է խնամել։ Փաստորեն, գյուղական համայնքերում հիմնական խնդիրը մնում է երեխայի կրթության խնդիրը։

«Մենք, որպես այլընտրանք պետական մոդելին, որն առաջարկում է կրթություն-խնամք, առաջարկում ենք միայն «կրթություն» բաղադրիչը», – ասել է Հովհաննիսյանը։

Մոբիլ մանկապարտեզիների ծրագրի իրագործողները վերցնում են համայնքային սեփականություն հանդիսացող տարածք՝ 40 քառակուսի մետրի սահմաններում։ Սենյակը կահավորվում և հարմարեցվում է հատուկ մանկապարտեզի համար։

Նախագծի համաձայն, մոբիլ մանկապարտեզներում աշխատելու են 3 մասնագետներ՝ լրիվ դրույքով աշխատող մանկավարժ, կես դրույքով աշխատող սոցիալական աշխատող և ժամավճարով աշխատող հոգեբան, եթե այդ մասնագետի կարիքն առաջանում է։

Մանկավարժը ընտրվելու է տվյալ համայնքից։ Նա կարող է սպասարկել հարևան 2 գյուղերը․ ծրագրով լուծվելու է մանկավարժի տեղափոխման խնդիրը։

Ծրագրի իրականացման ընթացքում «Աստղացոլք» ՀԿ-ն անսպասելի խնդիրների է բախվում՝ կապված ոչ ճշգրիտ վիճակագրական տվյալների հետ։ Երբեմն այդ ամենը զավեշտի է հասնում։ Մասնավորապես, ծրագիրն իրականացնողները 4 մարզերի մարզպետարաններից խնդրել են տարբեր համայնքներում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը, հարցրել՝ նրանցից քանիսին են ստանում կրթություն։

Ինչպես նշում է Հովհաննիսյանը, ստացած թվերը երբեմն ապշեցնող են․

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը – 8 է, Տավուշի մարզի Չինչին գյուղում՝ -1, Բերդում՝ -8, Նորաշենում՝ -13, Մովսեսում՝ -2։ Փաստորեն, դա նշանակում է, որ, ըստ փաստաթղթերի, կրթություն ստացող երեխաների թիվն այդ համայնքներում ավելի շատ է, քան համայնքում բնակվող երեխաների թիվը։

«Նշանակում է՝ ինչ-որ տեղ սխալ թվեր են նկարել։ Այստեղ կարող է 0 լիներ, բայց չի կարող լիներ մինուս», -ընդգծում է Հովհաննիսյանը։

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում 23 երեխա, ըստ փաստաթղթերի, գնում են մանկապարտեզ․ «Բայց ես գիտեմ, որ մանկապարտեզը չի գործում։ Այսինքն՝ սա նույնպես ձևական թիվ է»։

Նույն մարզի Վահան գյուղում, ՀԿ֊ի նախագահի խոսքով, կա լավ վերանորոգված մանկապարտեզ, որը, սակայն, չի գործում։

Այնուամենայնիվ, Իրինա Հովհաննիսյանը վստահ է, որ ծրագիրն արդյունավետ կլինի, կօգնի նվազեցնել ծախսերը և առավել մեծ թվով երեխաներ նախադպրոցական կրթություն կստանան։