Գլխավոր / Բանակ / Քաղբանտարկյալը կոչ է անում մասնակցել պայմանավորված պատերազմին

Քաղբանտարկյալը կոչ է անում մասնակցել պայմանավորված պատերազմին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը բանտից հայտարարությամբ է հանդես եկել։ Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահը պատերազմ է հրահրելու, որը պայմանավորված է լինելու Հայաստանի ղեկավարության հետ։ Չնայած դրան, քաղբանտարկյալը կոչ է անում մասնակցել ռազմական գործողություններին։

«Իլհամ Ալիևն իր վերարտադրությունն առաջաձգել է մեր դեմ պատերազմ սկսելու համար՝ ժամանակն ավելի արդյունավետ կերպով օգտագործելու նպատակով:

Հակառակ պարագայում նա ստիպված կլիներ սպասել մինչև նոյեմբեր: Մինչդեռ այս կերպով նա արդեն ապրիլի 2-րդ կեսից ազատում է իր ձեռքերը:

Ալիևը շտապում է, քանի որ միջազգային, տարածաշրջանային և ներքին զարգացումները հետզհետե ավելի աննպաստ ու վտանգավոր են դառնում նրա և նրա ռեժիմի, ինչպես նաև մեր հաշվին տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու հարցում առավել շահագրգիռ Ռուսաստանի և Թուրքիայի համար:

Մինչդեռ հայասատանյան իրականությունը չի համապատասխանում այս մարտահրավերին: Զոհաբերության պատրաստվող մատաղացուի վիճակում ենք: Պատերազմի պատրաստվող Ալիևի մարտաշունչ ու մոբիլիզացնող վարքագծին ու հռետորաբանության պատասխանը կարագի ու խառը կանաչու գների շուրջ քննարկումներն են և ուսանողության «ակտիվությունը» զուգարանի թուղթ բաշխելու հարցում:

Ուստի մենք ևս պետք է շտապենք՝ ընդվզելու և օր առաջ ազգային կառավարություն ստեղծելու համար, որպեսզի կարողանանք համախմբել պաշտպանական ներուժը, չեզոքացնել պայմանավորված պատերազմում դավադրաբար պարտվելու ռեալ հեռանկարը և պատերազմն ավարտել հակառակորդի կապիտուլյացիայով:

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ
10.02.2018թ.»։