Home / Առողջապահություն / Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը՝ պատիժ բնակիչների համար․ ակցիա

Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը՝ պատիժ բնակիչների համար․ ակցիա

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից 5 շենքերի բնակիչները կարճ ժամանակով փակել են բանտ տանող ճանապարհը՝ բողոքելով այնտեղի կոյուղաջրերի գարշահոտությունից։ Նրանք Կառավարությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար, այլապես կրկին փակելու են բանտ տանող ճանապարհը։

«Վարչապետ Կարեն Կարապետյանը և բերդի ղեկավարը (Սերոբ Հարությունյան-խմբ․) կաբինետում նստած, կոնդիցիոներները միացրած՝ մաքուր օդ են շնչում, իսկ մե՞նք», -դժգոհում են ակցիայի մասնակից նուբարաշենցիները։

Գարշահոտությունը Նուբարաշենում նոր բան չէ։ Մոտ 20 տարի է, պնդում են բնակիչները, բանտի կոյուղաջրերից գարշահոտություն է տարածվում, սակայն այն հատկապես սրվել է վերջին տարիներին։ Բանտի կոյուղին վնասվել և երկար ժամանակ բաց է մնացել, այն փորձել են փակել, սակայն տարիների ընթացքում կրկին բացվել է։ Բացի դրանից՝ խցանում է սկսել։ Դեպքեր են եղել, երբ կեղտաջուրը հասել է մինչև կենտրոնական ճանապարհ։

Գարշահոտությունը հատկապես սրվում է երեկոյան 6-ից հետո։ Բնակիչները եզրակացնում են՝ դա այն ժամն է, երբ կալանավորները և դատապարտյալները լողանում են։ Այդ ժամին անգամ փակ լուսամուտները չեն փրկում նուբարաշենցիներին։

Տարիներ շարունակ թաղամասի բնակիչները դիմել են տարբեր չինովնիկների՝ խնդրելով հարցին լուծում տալ։ Նրանց խոստումներ են տվել ընտրությունների ժամանակ, դրանից հետո անմիջապես մոռացել են նրանց։ Իսկ բանտի ղեկավարությունից ասել են, որ իրենց ուժերից վեր է օգնել նուբարաշենցիներին։

«Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ ասել է՝ թանկ հաճույք է, մեր ուժերից վեր է, ավելի լավ է նոր բերդ կառուցենք, քան կոյուղին ռեմոնտ անենք», -ասել են բնակիչները։

Նուբարաշենցիները ոստիկանների հորդորներից հետո բացել են ճանապարհը, սակայն խոստացել են՝ նորից են փակելու, եթե հարցին լուծում չտան․ «Թող ո՛չ դատապարտյալ տանեն բանտ, ո՛չ բերեն»։