Գլխավոր / Առողջապահություն / Հոգեբուժարանի «ինքնասպանությունը» կատարվել է շուրջօրյա վերահսկողության պայմաններում

Հոգեբուժարանի «ինքնասպանությունը» կատարվել է շուրջօրյա վերահսկողության պայմաններում

Փետրվարի 13-ին Նուբարաշենի հոգեբուժարանում մահացած կնոջ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հայաստանի քննչական կոմիտեից Epress.am֊ին փոխանցել են, որ, հաշվի առնելով, որ դեպքը տեղի է ունեցել հոգեբուժարանում գտնվող անձի հետ, այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն՝ «նրա իրավունքները պաշտպանելու» նկատառումով։

Այսօր ավելի վաղ Shamshyan.com կայքը գրել էր, որ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպանություն էր գործել 49-ամյա Կարինե Հարությունյանը։ Կայքին հայտնի էր դարձել, որ նա պահվել էր հոգեբուժարանի հատուկ հսկողության բաժանմունքում։

Հիվանդանոցի տնօրենի օգնական Իրինա Եղիազարյանը Epress.am-ի հետ զրույցում հաստատել է, որ տվյալ բաժանմունքում բժշկական անձնակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում։ Լրագրողի հարցին, թե ինչպես է պատահել, որ շուրջօրյա հսկողության պարագայում կինը կարողացել է ինքնասպանություն գործել, Եղիազարյանն ասել է, որ դրան պատասխանելը իր իրավասությունների մեջ չի մտնում՝ հորդորելով դիմել Առողջապահության նախարարություն։

«Հատուկ հսկողության բաժանմունքն այն տարածքն է, որտեղ դատարանի որոշումով պահում են հարկադիր բուժման անցած մարդկանց։ Այնտեղ մուտք ու ելք չկա։ Այսինքն՝ ոչ թե առանձին հիվանդներն են հսկվում այդ բաժանմունքում․․․ Ամեն հիվանդի չի կցված ոստիկան, [ընդհանուր] տարածքն է հսկվում։ Գործի մասին չենք կարող որևէ բան ասել, քանի որ քննություն է տարվում», — հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հարությունյանն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին դատապարտվել էր սպանություն հոդվածով։ Ըստ մեղադրանքի՝ նա սպանել էր Արագած գյուղում ապրող իր մորը։ Նույն դատարանի որոշմամբ՝ կինն ուղարկվել էր հարկադիր բուժման։