Home / Հայաստան / Քաղաքապետը պիտի զգա կոյուղու հոտը․ ՀՀԿ֊ականները ծեծել են ավագանու ընդդիմադիր անդամներին

Քաղաքապետը պիտի զգա կոյուղու հոտը․ ՀՀԿ֊ականները ծեծել են ավագանու ընդդիմադիր անդամներին

«Ժողովուրդը շնչում է, ուրեմն դուք էլ պետք է շնչեք»։ Այս խոսքերով Երևանի ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօրվա նիստի ժամանակ ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին է մոտեցրել Նուբարաշենի կոյուղուց բերված տիղմն ու կեղտը։ Տարոն Մարգարյանն այդ պահին հրահանգել է՝ «դեմն առ, շուշուտ»։ ՀՀԿ֊ականները դեմն առել են և փորձել տարաները խլել, որի հետևանքով կեղտն ու տիղմը թափել է քաղաքապետի սեղանի դիմաց։ Ավագանու հանրապետական անդամները սկսել են վիրավորել Խաչատրյանին՝ «տխմար», «հիմար», ապա անցել ֆիզիկական բռնության՝ հարվածել են ու մազերից քաշել։ Տղամարդիկ հարվածներ են հասցրել նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության մյուս անդամին՝ Սոնա Աղեկյանին։ Վերջինիս մարմնական վնասվածքներն ավելի լուրջ են։ Հարվածներ հասցնողներից հատկապես ակտիվ է եղել Ավագանու ՀՀԿ֊ական անդամ, կարատեիստ, դերասան Գոռ Վարդանյանը։

Միջադեպից հետո Քաղաքապետարանի շենք են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ․ Տարոն Մարգարյանը նախազգուշացրել է, որ հաջորդ նման դեպքից հետո կհեռացնի «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին ավագանու նիստերից։

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին պատմել է, որ տիղմն իրենց տվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարակից շենքերի բնակիչները։

«Սա նվեր են փոխանցել Տարոն Մարգարյանին»,֊ ասել է Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ Քրեակատարողական հիմնարկից եկող կոյուղաջրերը լցվում են շենքերի մոտ, որի հետևանքով սարսափելի գարշահոտ է տարածվում։

Նիստի վերսկսվելուց հետո Մարինա Խաչատրյանը փորձել է ելույթ ունենալ, սակայն Տարոն Մարգարյանը նրան զրկել է խոսքի իրավունքից, փոխարենը ամբիոնից ելույթ է ունեցել «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը, սակայն, դատապարտել է «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների պահվածքը․ «Մեր նիստը, փաստորեն, խաթարվեց։ Այն, ինչ տեղի ունեցավ էսօր ոչ մի բանով չի կարող օգնել որևէ մեկին, այդ թվում՝ նրանց, ովքեր նախաձեռնեցին այս ամենը»։

Կին ՀՀԿ֊ականները, իրենց հերթին, դատապարտել են «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին։

«Դա հայ կնոջ, հայ մոր պահվածք չէր»,֊ ասել են կանայք։

Ինչ վերաբերում է Խաչատրյանին և Աղեկյանին բռնության ենթարկելուն, նրանք պնդել են, որ դա ինքնապաշտպանություն էր։