Գլխավոր / Բնապահպանություն / Հանրայինի չարաշահումը պետք է խաթարվի․ բնապահպանները ողջունում են «Երկիր Ծիրանիի» ակցիան

Հանրայինի չարաշահումը պետք է խաթարվի․ բնապահպանները ողջունում են «Երկիր Ծիրանիի» ակցիան

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամների գործողությունը  փետրվարի 13-ի Ավագանու նիստի ժամանակ։

«Անգործ պետական պաշտոնյաներին ոչ-բռնի բոլոր հնարավոր ձևերով պատասխանատվության կանչելու, հանրային խնդիրները փողոցից դեպի նրանց աշխատասեղան հասցնելու գործողություններն արդար են ու ընդունելի։ Դրանք միջոցներ են, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին սթափվել ու անել իրենց պատվիրակված հանրային ծառայության գործը։ Միևնույն ժամանակ խստորեն դատապարտում ենք Երկիր Ծիրանիի անդամների նկատմամբ Հանրապետական կուսակցականների ու նրանց սպասարկուների բիրտ հարձակումները, գենդերային հիմքով ստորացումները, ոտնձգություններն ու ուղղակի ծեծը։ Հայկական բնապահպանական ճակատն իր զորակցությունն է հայտնում փետրվարի 13-ին գործողություն կատարած ավագանու անդամներին, բոլոր մտահոգ մարդկանց, ովքեր նույն օրը հավաքվել էին՝ դատապարտելու բռնությունները և ում նկատմամբ նույնպես բռնություն կիրառեց այս անգամ ոստիկանությունը։

Մինչև պետական մարմինները չսթափվեն, նրանց անգործությունը և հանրային օգուտների չարաշահումը պետք է խաթարվի», ֊ ասված է հայտարարության մեջ։