Home / Առողջապահություն / Քթներդ փակե՛ք, գնանք կեղտաջրի մոտ

Քթներդ փակե՛ք, գնանք կեղտաջրի մոտ

Նուբարաշենի խճուղու վերջնամասում բանտն է և 5 բնակելի շենքեր։

«Մեր շենքերը քարտեզից դուրս են։ Տո մենք էլ ենք դուրս։ Անգամ Յանդեքս տաքսի կանչելիս, մեր շենքը քարտեզի վրա չի նշվում», – ասում է տեղացիներից մեկը։

Շենքից մինչև բանտի պատ մի քանի մետր է։ Բանտի պարիսպների տակ ընկած է կոյուղու գլխավոր դիտահորը, որից մի ժամանակ բանտի կոյուղաջրերը խողովակով հեռացվել են։ Տարիների ընթացքում խողովակները վնասվել, մաշվել են և հիմա կեղտաջուրը դուրս է եկել և լճացել է։ Առաջացած լճակից էլ սկիզբ է առնում կոյուղաջրի գետակը։ Երբեմն կոյուղաջուրն այնքան է բարձրանում, որ հասնում է բանտը քաղաքին կապող գլխավոր ճանապարհին։

Բանտից մի փոքր ներքև ընկած շենքի բակում հատուկենտ մարդիկ են հավաքված։ Լրագրողների մասին լսելուն պես սկսում են հավաքվել։ Մի մասն ուզում է խոսել իրենց խնդրիներից, որոշներն էլ՝ կասկած են հայտնում․ «Որ ասենք ինչ, բան փոխվելո՞ւ է»։

Նուբարաշենցիները վերջին օրերին լրագրողների շատ են տեսել։ Մի քանի տարի առաջ էլ էին բողոքել, եկել, նկարել էին․ «Դրանից հետո իբր բերեցին հողով ու շիֆերով փակեցին էդ առուն»։

Հետագայում ճաքած և մաշված խողովակներից ջրի շիթը խփել է, քշել հողը ու կեղտաջուրը նորից «գյոլ է տվել»։ «Էդ լուծո՞ւմ է»։

«Քթներդ փակե՛ք, գնանք կեղտաջրի մոտ»։ Դեռ չմոտեցած զգում ենք մոխրադարչնագույն ջրի սուր հոտը։ Թեթև քամու դեպքում արդեն իսկ անհնար է այդ օդը շնչել։ Քիթդ փակում ես։

Հոտը հատկապես ուժեղանում է երեկոյան ժամերին, երբ կալանավորներն ու դատապարտյալները լողանում են։ Ջրի վերևի շերտը սպիտակավուն երանգ ունի․ «Նայե՛ք, էդ սապոնաջուրն է»։

Երեկ Նուբարաշենի կեղտաջուրը հասել էր Երևանի քաղաքապետարան։ «Քաղաքապետարանի մաքուր հագնվածները ասում են՝ զզվել են։ Բա մենք մա՞րդ չենք», – ասում է նուբարաշենցիներից մեկը։

Տեղացիներին վրդովվեցրել է ՀՀԿ-ականների պահվածքը․ «Տիկին Քուշկյան կոչվածն էլ ասել է՝ էստեղ հղիներ կան (ավագանու նիստերի դահլիճում-խմբ․), վատ են զգացել․․․ Էդ 5 շենքում նիուժե՞լի հղի չկա․․․ Կամ պարո՛ն Գոռ Վարդանյան, դուք կինոյո՞ւմ էիք նկարահանվում․․․ ձեր թևի մկաններն էիք ցույց տալիս»։

«Մենք էլ մեզ ենք վատ զգում, ոնց որ մեր պատճառով էդ կնոջը էդպես արեցին», – ասում են շենքի բակում հավաքված կանայք։

Արթուրի «ժեշտից դոմիկն» ամենամոտն է դիտահորին։ Տնակը կանգնած է քարե պատվանդանի վրա, իսկ տակից կոյուղագետի վարարման ժամանակ կեղտաջուր է հոսում։

Դիտահորից մինչև բնակելի շենք անմշակ փոքր հողակտորներ են, որոնց վրա կան հատուկենտ ծառեր։ «Էդ հողերից էլ ենք ձեռ քաշել, կեղտաջրից չորանում են»։ «Խոլերայի բուն է»։

Բնակիչներն առաջարկում են չինովնիկներին մի րոպեով գալ իրենց շենք ու շնչել գարշահոտը։ «Գիտե՞ս, երբ կգան։ Ընտրությունների վախտ»։

Վերջին քարոզարշավի ժամանակ հանրապետական պաշտոնյաներից մեկն էլ ասել է, որ ինքը, երբ անցում է այդ կողմերով՝ ընկերոջ գերեզման գնալիս, հոտը առնում է և շատ վատ է զգում։ «Ասեց՝ խոսք եմ տալիս, որ այդ հարցը կլուծենք։ Բայց ոչ մեկն էլ ոչ մի բան չի արել»։

Գարշահոտը կտրելու համար մեծ գումար պետք չէ։ Բնակիչների հաշվարկներով՝ հազիվ մի քանի հարյուր հազար դրամ։ «Մի քանի պլաստմասի տրուբա է պետք, էդ մի բարդ հարց չի։ Որ ուզեն, կլուծեն, բայց չեն ուզում։ Իրար վրա են գցում։ Որ էս հասարակ հարցի համար իրար են անցել, պատկերացնում եմ, որ մի կարևոր հարցի դեպքում ինչ կանեին»։

Շահանե Խաչատրյան