Home / Բանտ / Իշխանության ընդդիմախոսների դատավարությունները 1937-ի բռնաճնշումների հետ են համեմատում

Իշխանության ընդդիմախոսների դատավարությունները 1937-ի բռնաճնշումների հետ են համեմատում

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը դասական քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ հայտարարել է Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

«Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում դրված են նրա հրապարակային հայտարարությունները և մամուլի ասուլիսների ժամանակ հնչեցրած մտքերը։ Ընդ որում, դրանք բոլորը կատարվել են 2014 թվականին: Այսինքն՝ դրանից հետո անցել է մեկ տարի և Սեֆիլյանին առաջադրում են մեղադրանք, թե «2014 թվականին ձեր այս ելույթները պարունակել են հանցակազմի հատկանիշներ, որով դուք ցանկացել եք զավթել իշխանությունը կամ հրահրել զանգվածային անկարգություններ»։ Հարգելի ԱԱԾ, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, եթե Սեֆիլյանի հրապարակային այդ կոչը հնչել է 2014 թվականի մայիսին, նոյեմբերին, ապա ինչո՞ւ, դուք այդ փաստն իմանալով, դրա վերաբերյալ մեղադրանք առաջադրել եք մեկ տարի հետո։ Սա միանշանակ քաղաքական հաշվեհարդար է»,֊ ասել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրականի՝ 2016-ի հունիսի 20-ին ձերբակալված Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Դատախազը նրա համար 11 տարվա ազատազրկում է պահանջել։

Ասուլիսին ներկա մյուս բանախոս Ավետիք Իշխանյանն ընդդիմադիրների գործերով դատավարական գործընթացները համեմատել է ստալինյան ժամանակահատվածի՝ 1937 թվականի բռնաճնշումների հետ։

«Գևորգ Սաֆարյանի տոնածառ դնելու այդ դեպքը, որին [ներկա] ևս չորս մարդ կար, այդ չորսին ազատել էին, իսկ իրեն բռնել։ Անդրեաս Ղուկասյանին բռնեցին, իսկ մի քանի այլ մարդկանց բաց թողեցին։ Այդ ամենը վկայում է, որ սա Հանրապետության նախագահի անձնական վրեժն էր։ Մենք հետևել ենք բոլոր հանրահավաքներին և ամենախիստ արտահայտությունները նախագահի հետ կապված հնչել են այդ երկուսի կողմից։ Սա ուղղակի անձնական վրեժ է, 0֊ից հարուցված գործ, ինչպես 37 թվականին էր։ Սա մեր քաղաքական իրողությունն է»,֊ ասել է Իշխանյանն՝ ավելացնելով, որ «Ժիրայր Սեֆիլյանին նրանք ցանկացել են մեկուսացնել, հանձրարարությունը տրվել է, արել են, ուղղակի փնթի ձևով»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ «ընտրովի արդարադատություն» եզրի փոխարեն այսուհետ պետք է օգտագործել «թիրախային արդարադատություն»։

«ԱԱԾ֊ն քաղաքական ընդդիմադիրներին հետապնդող մարմին է, Ոստիկանությունն ու մնացածն ընդամենը գործիքներ են։ ԱԱԾ֊ի առարկա կամ խնդիր համարել քաղաքական ընդդիմադիրների գործողությունների նկատմամբ օպերատիվ աշխատանքների կատարումը՝ դա միանշանակ հանդիսանում է բռնապետական ռեժիմներին բնորոշ վարքագիծ»,֊ ասել է Սաքունցը։