Home / Բնապահպանություն / Սկսել են վերանորոգել․ Քաղաքապետարանը հանկարծ «նկատեց» Նուբարաշենի կոյուղու խնդիրը

Սկսել են վերանորոգել․ Քաղաքապետարանը հանկարծ «նկատեց» Նուբարաշենի կոյուղու խնդիրը

Նուբարաշենի բանտի կոյուղու մոտ երեկվանից վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել է բանտի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բնակիչ տիկին Աննան։ Կինը նշել է, որ այսօր կեսօրին ինքը հատուկ գնացել և ստուգել է՝ արդյոք աշխատաքները չեն դադարեցրել։

«Խողովակներ են բերել, տեխնիկա, բանվորները աշխատում են», ֊ ասել է տիկին Աննան։

Նրա տեղեկություններով՝ վերանորոգման աշխատանքները սկսել է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Հիշեցնենք, որ նուբարաշենցիները տարիներ շարունակ բողոքել են, որ բանտի կոյուղու վնասված խողովակներից դուրս եկող կեղտաջրի հոտը հասնում է իրենց բնակարաններ՝ անտանելի պայմաններ ստեղծելով։

Երկար տարիների ընթացքում, սակայն, նրանց խնդիրը գրեթե ոչ մի իրավասու մարմին չի փորձել լուծել։

Երկու օր առաջ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները փորձել են քաղաքապետին ծանոթացնել «Նուբարաշենի հոտի հետ»՝ կեղտաջրերով տարաներ բերելով նիստերի դահլիճ, սակայն Ավագանու ՀՀԿ֊ական անդամները հարձակվել են «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչներ Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա, ծեծել նրանց։

Նույն օրը ՀՀԿ֊ականների գործողությունները դատարատող բողոքի ակցիայի մասնակցիները Երևանի քաղաքապետարանում ոստիկանների կողմից ևս բռնության են ենթարկվել։