Home / Առողջապահություն / Գավառի հիվանդանոցի բժիշկը հերքում է, թե պտղի մահվան մեջ իրենք են մեղավոր

Գավառի հիվանդանոցի բժիշկը հերքում է, թե պտղի մահվան մեջ իրենք են մեղավոր

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակչուհի, 27-ամյա ծննդկան Տաթևիկ Բադալյանին փետրվարի 14-ին ծայրահեղ ծանր վիճակում Գավառի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հարազատները Գավառի բժիշկներին են մեղադրում պտղի մահվան և կնոջ վիճակի վատթարացման համար։ Կինն առաջին անգամ էր ծննդաբերում։ Epress.am-ի հետ զրույցում Գավառի ԲԿ֊ի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Վազգանուշ Հովհաննիսյանը պնդել է, որ բժիշկները մեղավոր չեն։

«Տաթևիկը բոլոր կոնսուլտացիաներին ներկայացել է։ Գավառի հիվանդանոցում միշտ ասել են, որ վիճակը լավ է, անհանգստանալու խնդիր չկա, սակայն փետրվարի 12-ին, երբ գնացել է հերթական կոնսուլտացիայի, աղջկա ճնշումը եղել է 180։ Գավառի բժիշկները չեն բարեհաճել վերահսկողության տակ վերցնել Տաթևիկին, այլ ասել են՝ գնա, ամեն ինչ լավ է», – Shamshyan.com կայքի հետ զրույցում ասել է Տաթևիկ Բադալյանի հարազատներից Վահրամ Խաչատրյանը։

Կայքի տեղեկություններով՝ հաջորդ օրը կնոջ վիճակը վատացել է և հարազատները նրան տարել են Գավառի հիվանդանոց։

«Մեզ հայտնեցին, որ հիվանդանոցում միայն հերթապահ բժիշկն է, եթե ուզում եք Տաթևիկին բժշկական օգնություն ցուցաբերենք, մի ձև գնացեք բժիշկներին տներից բերեք:

Մենք էլ մեր մեքենայով բժիշկներին տներից տեղափոխեցինք հիվանդանոց: Կեսգիշերից մինչև 02:30-ն ընկած ժամանակահատվածում բժիշկներին տեղափոխեցինք հիվանդանոց ու դրանից հետո նրանց կողմից կատարվել է վիրահատություն: Արդեն ժամեր անց, երբ հասկացանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ասացինք, որ բրիգադ կանչեն, Տաթևիկին Երևան տեղափոխելու համար, սակայն չթողեցին, ասացին, որ հիվանդի վիճակը վատ է, հնարավոր չէ տեղափոխել: Գավառի հիվանդանոցում վիրահատությունն ավարտեցին ու ասացին, որ Տաթևիկի արգանդը պետք է հեռացվի, ասացին՝ նաև արյուն է պետք, այս ու այն կողմ ընկած արյուն էինք ճարում, երբ վերադարձանք հիվանդանոց, մեզ ասացին, որ պտուղը մահացած է, մենք էլ ստիպված մեր Տաթևիկի կյանքով մտահոգված, քանի որ Գավառի հիվանդանոցում նրա կյանքը թելից էր կախված, տեղափոխեցինք Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն», ֊ պատմել է Վահրամ Խաչատրյանը։

Հարազատներն իրավապահ մարմիններից պահանջում են հետաքննություն սկսել Գավառի բժշկական կենտրոնի բժիշկների դեմ։

Epress.am-ի հետ զրույցում բժիշկ Վազգանուշ Հովհաննիսյանը նշել է՝ կինը հղիության ողջ ընթացքում ունեցել է գերճնշում։ Դեռևս հղիության սկզբնական փուլից սկսած, բժշկի հավաստմամբ, իրենք կնոջն ուղարկել են հետազոտման։

«Արդեն երբ գրանցվել է կոնսուլտացիայի, ունեցել է բարձր ճնշում՝ 170-100, որը հղիության հետ կապված չի եղել։ Իրեն ուղարկել ենք Հանրապետական ծննդատուն, որ հետազոտվի։ Հետազոտվել է, դուրս է գրվել մի քանի օրից։ Էպիկրիզ չի բերել, հղիության ընթացքում նրա ճնշումը պահպանվել է դեղորայքով՝ 140, 130-ի մակարդակի վրա։ Մեզ մոտ հունվարի վերջին մի քանի օր պառկել է, ճնշումը եղել է 130-90, գանգատներ չի ունեցել, գնացել է տուն։ Գնացել է ինչ-որ մի հարազատի տրնդեզը, հետո սկսել է վատ զգալ, ճնշումը բարձրացել է, տանն իրեն նշանակված է եղել ճնշման դեղ «Դոպեգիտ»», -ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հարազատների այն պնդումը, թե ծննդկանը եղել է առողջ և հանկարծ վերջին օրն է բարձրացել ճնշումը, իրականությանը չի համապատասխանում․ «Եթե ամեն ինչ լավ էր, ինչո՞ւ էինք նշանակում ճնշումը իջեցնող դեղորայք»։

«Մեզ մոտ ընդունվել է 170 ճնշումով։ Պտուղը մահացած է արդեն եղել։ Ոչ թե մեզ մոտ է մահացել։ Գերճնշումից տեղի է ունեցել արգանդի կծկանքներ, կծկանքների ժամանակ ընկերքը շերտազատվել է, հետո զարգացել է գեմատոմա, որը բերել է պտղի սնուցման խանգարման և մահի։ Դրանից հետո կնոջն արվել է վիրահատության, մեռած պտուղ է հանվել, արգանդը պահպանվել է։ Վերականգնելուց հետո սկսել է արյունահոսություն, որը սպասելի էր նման արգանդի դեպքում։ Արյունահոսությունը կոնսերվատիվ միջոցներով դադարեցնել հնարավոր չի եղել, և արգանդը հեռացրել են», – բժշկի հավաստմամբ՝ կնոջ վիճակը եղել է միջին ծանրության։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ծննդատանը միայն հերթապահ բժիշկն է եղել, իսկ մյուս բժիշկներին հարազատներն են բերել, բժիշկը դա ևս հերքել է։

«Իրենք բերել են միայն տանը հերթապահող էխոյի բժշկին։ Դրանից հետո մեր ամբողջ բրիգադան տեղում է եղել», ֊ ասել է Հովհաննիսյանը։