Home / Բնապահպանություն / Սամվել Կարապետյանի հետ առնչվող ընկերությունը Հայաստանում նավթ և գազ է որոնելու․ Hetq.am

Սամվել Կարապետյանի հետ առնչվող ընկերությունը Հայաստանում նավթ և գազ է որոնելու․ Hetq.am

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանին առնչվող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի հայտին։ Համաձայն դրա` ընկերությունը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում կիրականացնի նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն: Այս մասին գրում է Hetq.am-ը։

Նախարարությունը եզրակացրել է, գրում է կայքը, որ ուսումնասիրության ընթացքում ազդեցությունները լինելու են ժամանակավոր, տեղային, թույլատրելի նորմերի սահմաններում: Նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք կնվազեցնեն գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա:

Նախարարությունը նշել է նաև, որ օրենսդրության սահմանված կարգով իրականացվել են հանրային քննարկումներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետարաններում, որոնց ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակությունը հավանություն են տվել նախագծի իրականացմանը:

Ընկերությունը նավթ և գազ որոնելու հայտ է ներկայացրել նաև Երևանում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում ամբողջությամբ և Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքների մի մասում:

Ավելի վաղ Hetq.am֊ը գրել էր, որ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է: ՀՀ ԱՆ իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը: Սակայն ընկերության կայքում այն լիովին բացված է: Այսպիսով, «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազՋԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:

Վերջինիս բաժնետոմսերն առավելապես Կարապետյանների ընտանիքի ձեռքում է, մասնավորապես, Սամվել Կարապետյանի և նրա զավակների: