Գլխավոր / Բանակ / Վիրավորում ստացած սպային չփոխհատուցելու համար ՊՆ֊ն նրա դեմ քրգործ է հարուցել. փաստաբան

Վիրավորում ստացած սպային չփոխհատուցելու համար ՊՆ֊ն նրա դեմ քրգործ է հարուցել. փաստաբան

Արցախի Պաշտպանության բանակի սպա, 2017 թվականին ականապայթյունային վիրավորում ստացած 49-ամյա լեյտենանտ Երվանդ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Խաչատրյանի պաշտպան Նորայր Նորիկյանը՝ պնդելով, որ Պաշտպանության նախարարությունն այդ կերպ փորձում է խուսափել մարտական դիրքերում վիրավորում ստացած զինծառայողին փոխհատուցում տալուց։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 365֊րդ հոդվածի 2֊րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը նախատեսում է 2֊7 տարի ազատազրկում։ Նորիկյանն ընդգծել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Նրա խոսքով՝ համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին օրենքի կետերի՝ պետությունը պարտավոր է Երվանդ Խաչատրյանին շուրջ 58 միլիոն դրամ փոխհատուցել։

«Ես կարծում եմ, որ հարուցված է շինծու քրեական գործ, իրականացվում է անհիմն քրեական հետապնդում, որի հիմնական նպատակն է Երվանդ Խաչատրյանին հասանելիք գումարի չտրամադրելը։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, երբ մառախուղ է եղել, իմ պաշտպանյալը ցանկացել է մեկ մարտական դիրքից գնալ մյուս մարտական դիրք՝ ստուգելու հենակետերի անվտանգությունը։ Ճանապարհին հակառակորդի կողմից լսել է ոտնաձայներ, առաջացել է մի քանի մետր, որի հետևանքով տեղի է ունեցել այդ ականապայթյունը։ Նրան ուղեկցող շարքայինը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։

Օրենքում հստակ նշված է, որ մարտական հերթապահության, գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում, ինչպես նաև հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում զոհված կամ առողջությունը վնասած զինծառայողները հատուցվում են։ Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Երվանդ Խաչատրյանն ականի պայթյունից ստացել է ծանր մարմնական վնասվածք և իրավասու հանձնաժողովի կողմից ստացել է հաշմանդամության երկրորդ խումբ, այդ օրենքի ուժով նա ենթակա է փոխհատուցման»,֊ ընդգծել է Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալի նկատմամբ Քրեական օրենսգրքի նույն հոդվածով նույն գործը մեկ անգամ արդեն կարճվել է, երբ վերջինս իբր իր մեղքն ընդունող դիմում է գրել․ «Երբ ինքը գտնվել է հոսպիտալային պայմաններում, քրեական գործը կարճվել է հենց այդ ենթադրյալ դիմումի առկայության հիմքով։ Միայն այն, որ Երվանդ Խաչատրյանն արդեն դիմել է զինվորական դատախազություն՝ չընդունելով այդ հանգամանքը [դիմումը գրելը], խոսում է նրա մասին, որ ինքն ընդհանրապես չի ընդունում իրեն առաջադրվող մեղադրանքը, իսկ այդ դիմումի վերաբերյալ այժմ կատարվում է նախաքննություն»։

Երվանդ Խաչատրյանի պաշտպանը փետրվարի 19֊ին պատրաստվում է Պաշտպանության նախարարին միջնորդություն ներկայացնել՝ իր պաշտպանյալին օրենքով սահմանված կարգով հիմնադրամի շահառու դառնալու համար։