Գլխավոր / Բնապահպանություն / Վերաքննիչը ևս չի ուզում, որպեսզի Սյունիքի մարզպետի դեմ քրեական գործ հարուցեն

Վերաքննիչը ևս չի ուզում, որպեսզի Սյունիքի մարզպետի դեմ քրեական գործ հարուցեն

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բնապահպան Արթուր Գրիգորյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազության դեմ ներկայացված բողոքը: Գրիգորյանն անցյալ տարի դիմել էր դատախազություն՝ խնդրելով պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առնչությունն իր և այլ հասարակական գործիչների դեմ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման և տարածման հետ: Դատախազությունը մերժել քրեական գործ հարուցելը։

Նշենք, որ վարկաբեկիչ անանուն տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվել էր 2016 թվականին «Փակագծերից դուրս» ֆեյսբուքյան էջի կողմից։ Ըստ տեսանյութի՝ Արթուր Գրիգորյանը և բնապահպան Ինգա Զառաֆյանն իրենց ՀԿ֊ներով ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաներում և բնապահպանական առաքելության անվան տակ՝ մեծ գումարներ են վերցրել հանքաարդյունաբերական ընկերություններից՝ նրանց աշխատանքը դրական գնահատելու դիմաց։

Գրիգորյանի հաղորդման համաձայն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն կապեր ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության հետ, և հենց այդ ՀԿ֊ն է կանգնած է սուտ, վարկաբեկող տեսանյութի հետևում։

Բնապահպանները բազմիցս բարձրաձայնել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության անօրինականության, բնապահպանական վնասներ հասցնելու մասին։ Ըստ Գրիգորյանի՝ վարկաբեկիչ տեսանյութը նպատակ ուներ լռեցնել իրենց և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը։ Գլխավոր դատախազությունը, սակայն, որոշել է հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցել։

Վերաքննիչ քրեական դատարանում դատախազը նշել է, որ ինքը չի կարող ամեն մի բողոքի հիման վրա գնալ և ստուգել պաշտոնյաների կողմից հանցանք կատարելու վերաբերյալ հաղորդումները: Նա ասել է, որ Գրիգորյանը փաստեր չի ներկայացրել, այլ ընդամենը ենթադրություններ։

«Մոտս հարց է առաջանում՝ ես ի՞նքս պետքա հետաքննություն անեի, ապացուցեի՞ նոր ապացուցված փաստական հանգամանքները ներկայացնեի դատախազությա՞նը: Դա դատախազության գործառույթն է։ Եթե չեն քննել հաղորդումը, ինչպե՞ս են համոզված, որ դա ընդամենը իմ ենթադրությունն է»,֊ Epress.am֊ին ասել է Արթուր Գրիգորյանը։

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը գործը կարճելը նույնպես հիմնավորել է նրանով, որ Գրիգորյանի հանցագործության մասին հաղորդումն իր մեջ չի պարունակել կոնկրետ փաստեր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյաին կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այլ հիմնված է իր ենթադրությունների վրա:

Ըստ Արթուր Գրիգորյանի՝ ներկայումս համակարգված ճնշում է կիրառվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, որը դրսևորվում է հանքարդյունաբերության և կոռուպցիայի հարցերով զգայուն խնդիրներ բարձրացնող մարդկանց մասին զրպարտող արշավներ կազմակերպելով և ֆինանսավորելով, նրանց նկատմամբ տնտեսական բնույթի ճնշումներ գործադրելով: Իրավապահ մարմինները Սյունիքի մարզպետի դեմ ներկայացրած հաղորդմանը կից փաստերը նույնիսկ չեն ուսումնասիրել և չեն գնահատել դրանց արժանահավատությունը: Սա պաշտոնյայի նկատմամբ բացայահտ հովանավորչություն է, որի վերաբերյալ պետք է գնահատական տրվի հակակոռուպցիոն մարմիններում, տեղական և միջազգային իրավական և քաղաքական կառույցներում՝ դատական ատյանները սպառելուց հետո:

Նշենք, որ մարզպետ Վահե Հակոբյանը դատարան էր դիմել նաև 3 ԶԼՄ֊ների դեմ, որոնք հրապարակել էին բնապահպանի հանցագործության մասին հաղորդումը։