Գլխավոր / Ազգային ժողով / Հայաստանն անցնում է միապետ֊վարչապետի ինստիտուտի․ իրավապաշտպան

Հայաստանն անցնում է միապետ֊վարչապետի ինստիտուտի․ իրավապաշտպան

Միապետ նախագահի փոխարեն մենք առաջիկայում ունենալու ենք միապետ֊վարչապետի ինստիտուտ։ Այս մասին այսօր՝ «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք էր հայտնել «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Մենք (խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո) ունենում ենք ոչ այնքան կուսակցական կառավարում, որքան միապետ նախագահի փոխարեն ունենում ենք միապետ֊վարչապետի ինստիտուտ։ Հաշվի առնելով ով է լինելու վարչապետը, կարելի է հաշվել նրա կառավարման տարիները՝ լրջորեն վտանգված հեռանկարով»,֊ ընդգծել է Իշխանյանը։

Նա նշել է, որ ինքը կողմ է եղել խորհրդարանական համակարգին, բայց «արդյոք մենք անցում կատարեցինք պառլամենտական համակարգին, թե՞…»։

Նշենք, որ, համաձայն գործող Սահմանադրության, ապրիլից Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի, որն էլ ենթադրում է վարչապետի դերի մեծացում։ Համաձայն տարածված կարծիքի, իշխող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնին առաջադրելու է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին։

Իրավապաշտպանը զուգահեռներ է տարել 2015֊ին ընդունված Սահմանադրության հետ՝ ընդգծելով, որ սովորաբար գրվածն անտեսվում է, և շարունակվում է այն իրականությունը, որ մենք ունենք։

«2015֊ին մենք ունեցանք Սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ, ես ձեզ հավաստիացնում եմ, կիրառվել են և՛ վարչական, և՛ ֆինանսական, և՛ ուժային լծակներ՝ կեղծելով Սահմանադրական հանրաքվեն։ Նույնը մենք ունեցանք 2017֊ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,֊ ասել է Իշխանյանը։