Home / Առողջապահություն / Կինը չի կարող ամուսնուն ստիպել հետազոտություն անցնել․ ՄԻԱՎ֊ով ապրողների խնդիրները

Կինը չի կարող ամուսնուն ստիպել հետազոտություն անցնել․ ՄԻԱՎ֊ով ապրողների խնդիրները

Հայաստանում կանայք ՄԻԱՎ-ի նկատմամբ ավելի խոցելի են, քան տղամարդիկ։ Էլ ավելի խոցելի են մարզաբնակ կանայք, քանի որ տեղեկատվության պակասն այնտեղ ավելի մեծ է։ «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2016-2017 թվականներին մի քանի մարզերում ծրագիր է իրականացրել կանանց շրջանում ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվությունը բարձրացնելու համար։ «Մեդիա կենտրոն»-ում ծրագրի իրականացնողները ներկայացրել են հետազոտության արդյուքները։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի վերջին տվայալների համաձայն՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեծամասնությունը տղամարդիկ են, որոնց վարակման հիմնական պատճառը միգրացիոն գործոնն է։ ՄԻԱՎ֊ով ապրող կանանց 97 տոկոսը վարակվել է սեռական ճանապարհով։

«Ինչ է սա ցույց տալիս․ տղամարդը գնում է արտագնա աշխատանքի, վերադառնում է տուն, կինը որևէ լծակ չունի, որ ամուսնուն խնդրի, հորդորի՝ գնա հետազոտվի։ Կինը չի կարող ամուսնուն ստիպել, որ չունենան սեռական հարաբերություն մինչև հետազոտվելը կամ պահպանակ օգտագործեն», – ասել է կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը։

Բացի դրանից, կինն ինքը չունի նաև բավարար տեղեկատվություն՝  հետազոտման կարիք կա՞, թե ոչ։

«Ցավոք մեր մշակույթում չկա այդպիսի բան, որ կինը նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և իր ամուսնուն կամ ապագա ամուսնուն ուղարկի հետազոտության», -ասել է Մայիլյանը։

Մարզերում կանանց հետ շփումը ցույց է տվել, որ հատկապես մարզային բնակավայրերում սեռական հարաբերությունների ժամանակ գրեթե չեն պաշտպանվում։

Մարզաբնակ 214 կանանց շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ 0,1 տոկոսը գիտի հետկոնտակտային կանխարգելման մասին։ Կանանցից շատերը չգիտեն, թե իրենց մարզերում որտեղ կարող են դիմել ՄԻԱՎ հետազոտության համար։ Բացի դրանից, մարզերում բնակվող կանայք վախենում են հետազոտվել, քանի որ համայնքում կիմանան դրա մասին։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունը կապված է գիտելիքի պակասի հետ։ Մայիլյանի խոսքով՝ խտրականության ենթարկվելու վախից երբեմն մարդիկ չեն գնում հետազոտման․ «Եթե խտրականություն չլինի, եթե մարդիկ վստահ լինեն, որ դա իմանալուց հետո իրենց կյանքը դժոխքի չի վերածվի, կգնան հետազոտության»։