Գլխավոր / Առողջապահություն / Մարդիկ հատիկով են գնում․ դեղատոմսով դեղորայք վաճառելու որոշումը մտահոգիչ է

Մարդիկ հատիկով են գնում․ դեղատոմսով դեղորայք վաճառելու որոշումը մտահոգիչ է

Առողջապահության նախարարության նոր որոշումը, համաձայն որի հակաբիոտիկների, հսկվող և հորմոն պարունակող դեղերի վաճառքը մարտի 1-ից միայն դեղատոմոսով է թույլատրվելու, մտահոգում է դեղագետներին։ Ըստ նրանց՝ սա լրացուցիչ ֆինանսական բեռ է լինելու տնտեսական ծանր վիճակում գտնվող մարդկանց համար։

«Մարդիկ հիմա հատիկով են դեղ առնում։ Ի վիճակի չեն։ Օրա ա լինում` 2 հատ անալգին են առնում։ Իսկ դեղատոմոսով ստիպված են մի տուփ գնել, նույնիսկ եթե մի քանի հատ է նշանակված», — Epress.am֊ի հետ զրույցում ասել է երևանյան դեղատներից մեկի դեղագետը։

Մեկ այլ դեղատան աշխատակից նույնպես շեշտել է հաճախորդների համար ստեղծվող անհարմարությունը։

«Ես համաձայն եմ, որ հակաբիոտիները դեղատոմսով վաճառվեն, բայց այդ որոշումն այնքան անհստակ է։ Օրինակ՝ հակաբիոտիկ պարունակող ամեն դեղ վաճառե՞լն է արգելվում։ Կան կաթիլներ, քսուքներ, հաբեր և այլն, և դրանք տարբեր չափաքանակներ են պարունակում։ Մենք սպասում ենք ավելի հստակ բան ասվի մինչև մարտի 1-ը։ Մանրամասները դեռ հայտնի չեն, բայց [խախտման դեպքում] տուգանքի չափը հայտնի է՝ 5000 դրամ, դե մեր երկրում առաջինը դա է որոշվում»,֊ ասել է նա։

Խրոնիկ հիվանդները, նկատել է դեղագետը, գիտեն՝ ինչն է իրենց վրա լավ ազդում, և անընդհատ գնում են նույն դեղերը՝ առանց ամեն անգամ բժշկի գնալու և ձևական խորհրդակցության վրա գումար ծախսելու։

«Մարդ ընդմիջման ընթացքում իջնում է, գլխացավի դեղ է առնում, ժամանակ չի ունենա այդ ընթացքում գնալ բժշկի դեղատոմս վերցնել»,֊ ասել է նա։

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից Epress.am-ին ասել են, որ նոր որոշումից վախենալ պետք չէ, այն ունի լավ նպատակ՝ կանխել ինքնաբուժումը, ինչը հաճախ կողմնակի, բացասական հետևանքներ է ունենում մարդու առողջության վրա։

Դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացման դեպքում, ըստ որոշման, տուգանք է սահմանվում՝ յուրաքանչյուր դեղի համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Դեղերի դեղատոմսերի լրացումը, դուրս գրումը և իրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևաթղթերի վրա պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Նախատեսվում է ստեղծել հատուկ տեսչական մարմին, որը հսկողություն կիրականացնի դեղատներում: