Home / Բանակ / Զոհված զինվորի մայրը շարունակում է տարիներ տևող բողոքը Կառավարության մոտ

Զոհված զինվորի մայրը շարունակում է տարիներ տևող բողոքը Կառավարության մոտ

Ինչքան շնչում եմ, պիտի կանգնեմ ու ճիշտը բացահայտեմ․ 2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, որդու նկարը ձեռքին մենակ կանգնած էր Կառավարության շենքի մոտ։

Տարիներ շարունակ գրեթե ամեն հինգշաբթի Կառավարության մոտ են հավաքվում տարբեր հարցերից բողոքող քաղաքացիներ՝ նաիրիտցիներ, ազատամարտիկներ, ներկայիս էլիտար շենքերի տարածքներում նախկինում բնակված խաբված քաղաքացիներ, նախկին օդաչուներ։ Հերթական հինգշաբթին է, փետրվարի 22-ը։ Հին բողոքողներին նորերն են միացել․ «Աշտարակ կաթ»-ից են բողոքում մանր առևտրով զբաղվողները։

Լրագրողների հոսքը դեպի այդ նոր թեման է։

Իրինա Ղազարյանը մի կողմում մենակ կանգնած է։ Հետևում շենքը հսկող ոստիկաններն են։ Սովորաբար խաղաղ պայմաններում մահացած 4-5 զինվորների ծնողների հետ միասին է լինում Իրինան։ Սակայն այսօր իր հետ բողոքող կանանց մի մասը վատառողջ է, մեկը՝ Գոհար Սարգսյանը, որդու մահվան գործի կարճման հետ կապված դատարան է գնացել։

Ղազարյանը 8 տարվա ընթացքում հասցրել է հանդիպել բոլոր հնարավոր պաշտոնյաների հետ․ «Փոխվեց վարչապետ, փոխվեց պաշտպանության նախարար, փոխվեց դատախազ․․․»։

Հանդիպել է նաև ներկայիս Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

«Լսեց, լսեց, ասաց՝ ես իրավասու չեմ, ինչո՞վ կարող եմ օգնել։ Ես էլ ասացի, եթե Դուք բանակում ծառայած լինեիք, բանակի ներքին կուխնյան իմանայիք, իմանայիք դիրքն ու խրամատը ինչ է, նման բան չէիք ասի։ Ինքը փքվեց, կարմրեց, կատաղեց հնդուհավի նման և ասաց՝ պետք է ներողություն խնդրեք ինձանից։ Բայց իրենք պետք է գան, հրապարակում չոքեն ու այդքան սպանվածների ծնողներից ներողություն խնդրեն․․․ Ասում են՝ Վիգեն Սարգսյանը խելք ունի, թե ինչ։ Բայց որպես Պաշտպանության նախարար նա անգրագետ է, ոչ մի բան չի հասկանում բանակից»։

Վերջինը, ում հանդիպել է, նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանն է։ Ասել է՝ գործով կզբաղվի։

«Մի քանի շաբաթ առաջ կանգնած էինք Կառավարության մոտ, Զաքարյանը անցավ, մեզ տեսավ, ասաց՝ տիկին Իրինա՛, Ձեր տղայի գործով բան եմ պարզաբանել և կասեմ։ Մի օր էլ տեսավ, ասում է՝ տիկին Իրինա՛, մենք Ձեզ հեռախոսով զանգել էինք, դու չեկաք։ Ասացի՝ Արտա՛կ, հերիք է ձեր ստերը… Եթե զանգել եք, եկեք տեսնենք ձեր համարից զանգ եկե՞լ է, թե ոչ։ Հետո էլի տեսավ, ասում է՝ տիկին Իրինա՛, Դուք էլի եկե՞լ եք, չասացինք, որ չգաք։ Ոնց թե, դու ո՞վ ես, դո՞ւ պիտի ասես գամ, թե չէ»։

Իրինա Ղազարյանը պատրաստվում էր կես ժամ էլ կանգնել Կառավարության շենքի մոտ և գնար դատարան՝ Գոհար Սարգսյանին աջակցելու։