Home / Բնապահպանություն / Կենդանասերները կոչ են անում չվճարել ընտանի կենդանիների համար պահանջվող «փոքր գումարը»

Կենդանասերները կոչ են անում չվճարել ընտանի կենդանիների համար պահանջվող «փոքր գումարը»

Երևանի քաղաքապետարանը տանը կամ բնակարանում ընտանի կենդանիներ պահելու համար շարունակում է գումար պահանջել քաղաքացիներից։ Ընտանի կենդանիներ ունեցողները վերջին շաբաթների ընթացքում կրկին ծանուցումներ են ստանում, որոնցում ասված է, որ տարեկան 5000-ից 10000 դրամ տուրքը պետք է վճարվի եռօրյա ժամկետում։ Կենդանիների իրավունքներով զբաղվող ՀԿ֊ները կոչ են անում այդ տուրքերը չմուծել, քանի որ, նրանց կարծիքով, դրանք անհիմն են ու քաղաքացիներից ընդամենը «փող պոկելու» մեթոդ։

«Արդեն մի քանի տարի է՝ ուղարկում են այդ թերթիիկները, բայց մեր հարցին, թե ուր են գնալու այդ գումարները, պատասխան չկա։ Մեր հարցին, թե ինչի մուծենք, եթե անգամ հատուկ վայրեր չկան շներին ման տալու համար, ևս չեն պատասխանում։ Կենդանիների պաշտպանության օրենք չեն ուզում ընդունել, բայց փող գռփելուց լավ են», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է կենդանասեր Գոհար Մանուշակյան֊Չալյանը։

Երևանի քաղաքապետարանից պատասխանել են մեր գրավոր հարցմանը՝ նշելով, որ տուգանք գանձելը օրինական է, համապատասխանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքին։ Քաղաքապետարանի կարծիքով դա մեծ գումար չէ։

«Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար քաղաքացիների կողմից վճարված տեղական տուրքի գումարը, որը փոքր գումար է, մուտք է լինում համայնքի բյուջե», ֊ գրել են քաղաքապետարանի աշխատակիցները։

Հարցին, թե քանի ընտանի կենդանի ունեցողի է ուղարկվել տուրք մուծելու ծանուցումները և ինչքան գումար է հավաքվել, Քաղաքապետարանից պատասխանել են, որ նման վիճակագրություն չունեն։

Կկառուցվի՞ արդյոք կենդանիների համար այգի․ Քաղաքապետարանից ասել են, որ դա կարվի ապագայում՝ չնշելով ժամկետներ։

Նրանք նշել են, որ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից շների զբոսանքը կազմակերպելու համար առանձնացվել են տարածքներ՝ հիմնականում զբոսայգիներում: Հետագայում այդ տարածքները պարսպապատելուց կամ ցանկապատելուց հետո կօգտագործվեն շներին մարզելու և առանց դնչկալի ու կապի զբոսանք կազմակերպելու համար: