Գլխավոր / մարտի-1 / Դատախազության աշխատակիցը Մարտի 1-ի մասին կարևոր հարցերին չի պատասխանել

Դատախազության աշխատակիցը Մարտի 1-ի մասին կարևոր հարցերին չի պատասխանել

Ազգային Ժողովում այսօր անցկացվող Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող խորհդարանական լսումների ժամանակ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անդամ Առաքել Սեմիրջյանի բարձրացրած հարցերի մեծ մասը մնաց անպատասխան։ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը հաճախ խուսափում էր պատասխանել Սեմիրջյանի հարցադրումներին՝ հիմնականում վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը և այն փաստը, որ գործը նախաքննության մեջ է։ Ներկայացնում ենք հարցուպատասխանից որոշ հատվածներ.

Առաքել Սեմիրջյան․ Կա՞ ապացույց, որ որևէ ցուցարարի մոտ հրազեն է հայտնաբերվել։ 300 մարդ էր ձերբակալվել, այդ 300 մարդուց որևէ մեկի մոտ զենք եղե՞լ է։

Կարեն Բիշարյան․ Հարցը օրակարգին չի վերաբերում։ Մեկ անձի կողմից ինքնաձիգ է օգտագործվել, դրա վերաբերյալ մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Ինչ վերաբերվում է ապացույցներ կան հրազեն օգտագործելու մասով, գործը քննության մեջ է դեռ գտնվում։ Իմիջիայլոց, որպեսզի կանխեմ հարցերը, որոնք կարող են վերաբերել քննության տվյալներին, ասեմ, որ աննախադեպ երևույթ է, որ նախաքննության մեջ տնվող գործերը քննության առարկա են դարձվում Ազգային ժողովում։ Դրա համար որոշ տվյալներ հրապարակելուց ես զերծ կմնամ։

Ա․Ս․ Իսկ զոհերի մոտ, 10 զոհ ենք ունեցել։ Որևէ մեկի մոտ զենք եղե՞լ է։

Կ․Բ․ Սա ես նախաքննության տվյալ կհամարեմ և կխուսափեմ դրա վերաբերյալ որևէ պատասխան հնչեցնելուց։

Ա․Ս․ 5000 հոգի ցուցմունք է տվել, որևէ մեկը արժեքավոր ցուցմունք չի՞ տվել սպանությունների մասով։ Ունեցել ենք 500 վիրավոր, եթե զոհերից չենք կարող ցուցմունք վերցնել, վիրավորներից կարող ենք։ Արդյո՞ք այդ վիրավորներից որևէ մեկը հայտնել է, որ իրեն ցուցարար է վնասել, թե՞ բոլորը նշել են, որ ոստիկաններին են իրենց նկատմամբ զենք կիրառել։

Կ․Բ․ Դուք շեշտադրում եք անում, թե 5000 վկա ենք հարցաքննել, թե մեզ մոտ հարց չի առաջանում, որ որևէ արժեքավոր ցուցմունք չեն տվել։ Բնականաբար, հարց առաջանում է, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի շարունակենք քննություն անցկացնելը կամ չպիտի միջոցներ ձեռնարկենք, որ նոր վկաներ հայտնաբերենք, կամ պարզենք՝ իրականում կան այդ հարցաքննվածների մեջ ականատեսներ և ինչ֊ինչ պատճառներով տեղեկություն չեն հայտնում։

Ա․Ս․ Մարտի 1-ի զոհերի ծնողների նկատմամբ ճնշումներ գործադրվե՞լ են։

Կ․Բ․ Նման փաստական տվյալ քննությանը հայտնի չէ։

Ա․Ս․ Դուք ասացիք, որ Ռուսաստանին եք դիմել և պատասխան եք ստացել, որ «Չերյոմուխան» հնարավոր է կիրառել փակ տարածքում և նշանառություն չի եղել։ էդ ո՞ր օրենսդրությամբ եք դուք դիմել Ռուաստանին և էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ [վկայում է, թե] «Չերյոմուխան» կարելի էր կիրառել, որ դուք ընդունում եք որպես քննության նյութ։

Կ․Բ․ Դատավարական օրենքը նախատեսում է փորձաքննությունների անցկացման երկու իրավական ռեժիմ՝ փորձագիտական հիմնարկում և փորձագիտական հիմնարկից դուրս։ Վերջինս ենթադրում է տվյալ գիտության, տեխնիկայի տիրապետող մասնագետների ներգրավմամբ փորձաքննության իրականացում։ Սա լիարժեք օրինական է։

Ա․ Ս․ Քանի որ գիտենք, որ դիպուկահարներ են եղել, դիպուկահարի առաջին խնդիրը պետք է լիներ, զինված մարդուն մեկուսացնելը, եթե զոհերից որևէ մեկի մոտ զենք չի եղել, հարց է առաջանում ՝ ի՞նչ են արել դիպուկահարները։

Այս հարցին դատախազը չի պատասխանել։