Home / Դատարան / Լրագրողի գործունեությունը սահմանափակելու համար երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Լրագրողի գործունեությունը սահմանափակելու համար երկու անձի մեղադրանք է առաջադրվել

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի վրա հարձակվելու և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել «Շին պլյուս» շինարարական ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին և վարորդ Վ. Խ.-ին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: ՀՀ Դատախազությունը նշում է, որ առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել: Գործն ուղարկվել է դատարան։

2017 թվականի սեպտեմբերի 28-ի երեկոյան լրագրողը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի մոտ տեսել է՝ ինչպես են հորդառատ անձևրի տակ ասֆալտապատում կատարում։ Նա փորձել է լուսանկարել դա։

«Սակայն «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրենը բռնել է նրա ձեռքերից, վերցրել տեսանկարահանող սարքը՝ բջջային հեռախոսը, արգելել տեսանկարահանումներ կատարել, ջնջել արված լուսանկարները և վերադարձրել բջջային հեռախոսը», -նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Այնուամենայնիվ, լրագրողը շարունակել է տեսանկարահանումներ կատարել․ «Այդ ժամանակ տնօրենը մոտեցել է, քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ բռնել նրա ձեռքերից, իսկ վերջիններս քաշքշել են Նարինե Ավետիսյանին, որի պատճառով նա վայր է ընկել: Նույն պահին ընկած վիճակում գտնվող Նարինե Ավետիսյանին է մոտեցել «Շին պլյուս» ՍՊ ընկերության վարորդ Վ. Խ.-ն և լրագրողի կամքին հակառակ վերցրել նրա բջջային հեռախոսը, ջնջել կատարած լուսանկարները»:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ինքնությունը չպարզված անձանց կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:

«Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրենին և վարորդ Վ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ տուժող կողմը նշել էր, որ միայն այդ հոդվածը չպետք է առաջադրվի, քանի որ կատարվել է նաև խմբակային բռնություն անձի հանդեպ՝ կարգադրված խմբի ղեկավարի կողմից։