Home / Բանակ / Զինծառայողների մահացության 5 չհայտարարված դեպքի մասին է հայտնի դարձել

Զինծառայողների մահացության 5 չհայտարարված դեպքի մասին է հայտնի դարձել

2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մահացել է 64 զինծառայող․ մահացության դեպքերի 66%-ը գրանցվել են ոչ մարտական պայմաններում, իսկ 34%-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) հունվարի 9-ի իր հաշվետվությունից հետո պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է ևս 5 զինծառայողի մահվան մասին և նոր տվյալներ հրապարակել։ Այդպիսով՝ մահացության դեպքերը, ըստ կազմակերպության, 59-ից աճել են՝ հասնելով 64-ի։

Կազմակերպությանը հայտնի դարձած 64 մահվան դեպքերի փոխարեն Զինվորական դատախազությունը և Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտատարել են 56 դեպքի մասին։

5 զինծառայողի մահացության դեպքերից չորսի դեպքում ՀՔԱՎ֊ը պաշտոնական հաստատում է ստացել․

Հարութ Պողոսյան․ Դեպքը տեղի է ունեցել Հայաստանում, սակայն ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբառաջացրել են ծանր հետևանքներ)։ Գործը նախաքննության փուլում է։

Մուրադ Ավանեսյան․ Դեպքի օրը և վայրը անհայտ են։ Հայտնի է միայն մահված պատճառը՝ առողջական խնդիրներ։ Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Ռոբերտ Գասպարյան․ Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 27-ին Լեռնային Ղարաբաղում։ Սակայն հայտնի չէ մահվան պատճառը և արդյոք հարուցվել է քրեական գործ, թե ոչ։

Սպարտակ Մկրտչյան․ Դեպքի օրը և վայրը անհայտ են։ Հայտնի է միայն, որ մահվան պատճառը եղել է առողջական խնդիրը։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով (Անփույթ վերաբերմունքը)։

Ոչ պաշտոնական տվյալներ

Վահե Մարգարյան. Դեպքը տեղի է ունեցել Հայաստանում 2017 թվականի օգոստոսի 1-ին, սակայն մահվան օրը հայտնի չէ։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):