Home / Դատարան / 6 տարվա ազատազրկում․ Վերաքննիչը մերժել է Սամվել Բաբայանի բողոքը

6 տարվա ազատազրկում․ Վերաքննիչը մերժել է Սամվել Բաբայանի բողոքը

Վերաքննիչ դատարանը փետրվարի 27-ին մերժել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի՝  արդարացման մասին բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի վճիռը։ Դատարանը ուժի մեջ է թողել նաև գործով անցնող Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի պատժաչափերը՝ երեք և երկու տարվա ազատազրկում:

«Սա ակնհայտորեն քաղաքական որոշում էր։ Ե՛վ առաջին ատյանի դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը, շինծու գործի քաղաքական որոշում են դակում։ Այսօր էլ 3 դատավորները վճիռը կարդացին և բառիս բուն իմաստով փախուստի դիմեցին դատարանի դահլիճից։ Իրենք էլ էին զգում, որ ամոթալի որոշում են կայացրել», -նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

Նա նշել է, 2017 թվականի ապրիլին քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց․ «Ընտրություններից առաջ փորձում էին ձևավորել վախի մթնոլորտ։ Իսկ հիմա ազատ չեն արձակում նրանց, քանի որ պրոցեսը իներցիոն ձևով գնում է»։

Առաջին ատյանի դատարանը Բաբայանին մեղավոր էր ճանաչել։ Ըստ որի՝ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում սատարում էր Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան (ՕՐՕ) դաշինքին։ Դաշինքի առաջնորդներից նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ձերբակալումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բաբայանի ձերբակալությունը կարող է պայմանավորված լինել դաշինքի նկատմամբ իրականացվող վերջին գործողություններով։