Home / Դատարան / Մարիխուանայի համար դատված կինը Վերաքննիչում ասել է՝ իրեն ստիպել են ընդունել մեղքը

Մարիխուանայի համար դատված կինը Վերաքննիչում ասել է՝ իրեն ստիպել են ընդունել մեղքը

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 25-ամյա Աննա Հովսեփյանը, որը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ընկերոջը՝ Գևորգ Մելիքբեկյանին մարիխուանա հյուրասիրելու մեջ, Վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը։

Այսօր կայացած նիստին Հովսեփյանն ասել է, որ մարիխուանան պատկանել է Մելիքբեկյանին, և վերջինս իրեն սպառնացել է սպանել՝ ստիպելով իր վրա վերցնել կատարվածը, քանի որ, ըստ Մելիքբեկյանի, լինելով հղի և երկու մանկահասակ երեխաների մայր, կարող հեշտությամբ խուսափել ազատազրկումից։ Մինչ դատարանը հարցեր էր տալիս նոր հանգամանքների վերաբերյալ, Հովսեփյանի հանրային պաշտպանը միջամտել է և ասել, որ ինքը չի վիճարկում վճիռը, ուղղակի ցանկանում է Հովսեփյանի համար ավելի մեղմ պատիժ՝ հաշվի առնելով նրա խնամքի տակ գտնվող երկու երեխաների հանգամանքը։ Հովսեփյանն առաջին ատյանի դատավճռով 2017 թվականին դատապարտվել է 3 տարի 1 ամիս ազատազրկման, արդեն 9 ամիս գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Մեղադրականի համաձայն, կինը ունեցել է 1.07 գրամ մարիխուանա, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածներով:

Այսօրվա նիստին դատախազը ևս հրաժարվել է լսել Հովսեփյանին՝ նշելով, որ հաստատված է համարում առաջին ատյանի դատարանի վճիռը։

Կնոջ նախաքննական ցուցմունքի համաձայն, ինքն ընդունել է, որ 2017 թվականի հունիսին Մակարավանք վանական համալիրի տարածքում իր և Գևորգ Մելիքբեկյանի մոտից հայտնաբերված մարիխուանան իրեն է պատկանել։ Սակայն և՛ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչում Հովսեփյանը հերքել է նախաքննական ցուցմունքը։ Իրականում, ըստ կնոջ, Գևորգն ընկերոջ` Գնել Գասպարյանի հետ միասին, վերջինիս մեքենայով եկել է իր հետևից և միասին գնացել են Մակարավանք: Գևորգը գրպանից հանել է թմրամիջոցը և առաջարկել, որ այն օգտագործեն ու նոր խոսեն: Թմրամիջոց Գևորգը գրպանից հանել է Գնել Գասպարյանի ներկայությամբ և վերջինս այն տեսել է: Ճանապարհին ոստիկանության մի ավտոմեքենա սկսել է հետապնդել իրենց մեքենան:

Հովսեփյանը Վերաքննիչ դատարանին հայտնել է, որ ընդունում է՝ ինքը քաղել, չորացրել է կանեփ, սակայն բացառապես անձնական օգտագործման համար։

Դատավոր Մհեր Արղամանյանի հարցին, թե ինչու «կայֆը» ընկերներին երբեք չի հյուրասիրել՝ կինը պատասխանել է․ «Ես տեղյակ էի, որ հետևանքներ կարող են լինել։ Գիտեի, որ ուրիշին տալու համար կարող էի պատասխանատվության ենթարկվել»։

Դատավորի մյուս հարցին, թե ինչու հենց կալանավորվելուց հետո չի ասել, որ նախաքննական ինքնախոստովանական ցուցմունքը սուտ էր, Հովսեփյանը պատասխանել է, որ բանտից մի քանի անգամ զանգել է հանրային պաշտպանին (նախկինում այլ պաշտպան է եղել, այժմ փոխվել է֊խմբ․), խնդրել է նրան տեսակցել իրեն, որպեսզի խորհրդակցի նրա հետ, բայց պաշտպանը երբեք չի այցելել իրեն։

«Երեխաներդ գիտե՞ն՝ դու ուր ես։ Երեխաներիդ մասին չէի՞ր մտածում, չգիտեի՞ր, որ մի օր բռնվելու ես»,֊ հանդիմանել է Մհեր Արղամանյանը։