Գլխավոր / Ազգային ժողով / Կա ընդամենը մեկ ընդդիմադիր ուժ

Կա ընդամենը մեկ ընդդիմադիր ուժ

Փետրվարի 13-ին ավագանիում տեղի ունեցածին վերաբերող գնահատականներն ու եզրակացությունները պիտի լինեն խիստ, հատկապես եթե հաշվի նստենք հաջորդող իրադարձությունների հերթականության հետ։ Երկիր Ծիրանիի կանանց արածը, ենթադրում եմ, որ վերջին շրջանի ամենակարևոր ու տարաշերտ քաղաքական իրադարձություն էր․ դեռևս հստակ չէ՝ տեղի ունեցածին միանալու, մաս դառնալու կամ շարունակություն տալու ինչպիսի (համարժեք) ձևեր կարող են լինել, բայց և պարզ է, որ փետրվարի 13-ից հետո եղած բանավեճերի ու լրատվական աղմուկի կողմից արտադրված շեշտադրումների համատեքստում ցանկացած գործողություն միանգամից հայտնվելու է կիսաֆաբրիկատ վերագրումներով ու հորինված հարցադրումներով բեռնված տարածքում։

Երեք կետ կա, համենայն դեպս, որոնց վրա մտքիս մեջ հիմա կարմիր քորոց եմ կպցնում։

․ Նախ՝ Զարուհու արտահերթ ելույթը փետրվարի 13-ի ավագանու նիստին, որը վերջապես տվեց ընդդիմության ձևակերպված ու միակ համոզիչ թվացող սահմանումը (ի միջի այլոց, հաստատելով Երկիր Ծիրանին՝ իբրև հայաստանյան միակ սկզբունքային ընդդիմություն)։ Ինչո՞ւ է պետք մտնել կամ ձգտել մտնել խորհրդարան/ավագանի/տեղական ինքնակառավարման այլ մարմին, եթե այդ մարմնի մեջ իբրև ընդդիմություն «աշխատելն» ի սկզբանե դատապարտված է ձևական ու ձախողած լինելուն: Այլ կերպ ասած՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը (կառուցվածքային նաև պատճառներով) ի զորու չէ ազդել որևէ որոշման կայացման գործընթացի վրա, ի՞նչ գործառույթ է այն իր վրա վերցնում՝ պահպանելով ընթացակարգն ու գործելով ընթացակարգի համաձայն։ Բռնությունն ու թալանն անդադար դարձնելու համար հնարավորինս հարմարավետ ետնապատկեր արտադրելն է միայն, որ մնում է նստվածքում, որպես հետևանք ժողովրդավարության նմանակեղծությանը մասնակից դառնալու։ Զարուհու ելույթն, ուրեմն, բաժանարար գիծ անցկացրեց իշխանությունների կողքին ու նրանց դեմ կանգնածների միջև, որն այլևս հնարավոր չի լինելու անտեսել։ «Մենք թունավորելու ենք ձեր կյանքը» իբրև քաղաքական մանիֆեստ, որը ձևակերպվում է ընդդիմության կողմից՝ ընդդիմությունը ձևակերպելու համար։ «Ելքի» ներկայացուցչի արձագանքը անխուսափելիի տպավորություն էր թողնում և պիտի նույնկերպ ընկալվի որպես ինքնասահմանում։ Եթե Դավիթ Խաժակյանը ներողություն է խնդրում ընթացակարգի խախտման համար (այսինքն՝ ներողություն՝ այլ ընդդիմադիր կուսակցության գործողությունների համար ի պաշտպանություն մի մարմնի/ընթացակարգի, որի լեգիտիմությունն արդեն հարցադրված է), ուրեմն սա արձագանք է նոր սահմանագծին, որի գոյության պայմաններում «Ելքը» մի լոք անելով շրջագծում է իր՝ տարոն մարգարյանի կողքին տեղ զբաղեցնելու քաղաքականությունը։ Երկիր Ծիրանիի կանայք՝ իբրև ընդդիմություն, որը մերժում է (կամ համարում է անարդյունավետ ու չգործող) ներկայացուցչական ժողովարդավարության գործիքակազմը (ու անցնում է ակտիվիստական տիրույթ*), հավանաբար, ձևակերպեցին սրանով նոր քաղաքական հայացք ու մարտավարություն՝ ներհամակարգային ընդդիմության համար, որը, բախվելով սեփական անզորությանը, փորձում է վերածել այն մի այլ բանի՝ նոր տեղեր ու նոր իրավիճակներ ստեղծելու համար։

. Նուբարաշենի կոյուղու գարշահոտը ավագանի մտցնելը ազդեցիկ էր հավասարաչափ և իր կոնկրետությամբ(կոյուղին, ի վերջո, վերանորոգվեց), և իր նշանայնությամբ։ Պատգամավորները ավագանու շենքի մեջ պարսպապատվել են մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ ապրում են նաև կոյուղաջրերի գարշահոտի մեջ, ու այդ մարդկանց կյանքերի անգամ կարճաժամկետ ներկայությունը պաշտպանված պատերի ներսում անթաքցնելի սրտխառնոց ու ցան պիտի առաջացներ։ Սա պահի ազդեցության խնդիր է նաև․ արդյո՞ք բժշկական օգնություն պահանջողները գիտակցում էին, որ ի վերջո պատկերավորեցին, որքան անարդարացիորեն հեռացել են մարդկանցից, ում հարստահարումը դարձրել են մասնագիտություն, ու մոռացել են հակազդեցության ու «պատժի» մասին (Նուբարաշենի կոնկրետությունն ավելի անընկալելի է, քան կոյուղաջրի գարշահոտը), որը մի օր կարող է մտնել իրենց տուն այնպես, ինչպես ամեն օր շրջում է աղքատների տներով։ Ընթացակարգը խախտվել է։ «Ելքի» ներողությունները հիմնավորված են։ Ըստ ընթացակարգի ավագանին պիտի զբաղվեր փողերը բաժանելու բարդ և առօրեական աշխատանքով — իշխանության ներկայացուցիչները կմտածեն՝ վերանորոգված փողոցներից ո՞րն է անհրաժեշտ կրկին վերանորոգել և ի վերջո ո՞ւմ աներձագի բաջանաղի կազմակերպությունը պիտի հաղթի աճուրդում, իսկ ընդդիմությունը հանդես կգա առաջարկներով՝ երաժշտական ո՞ր ուղղություններն է անհրաժեշտ արգելել հանրային վայրերում և ի՞նչ անվանումներ պիտի ունեն անկախ Հայաստանի փողոցները։

․ Ինձ անգամ չի զարմացնում, որ ԵԾ-ի ոչ բռնի միջամտությունը կրկին ավարտվեց բռնությամբ։ Ես չեմ զգում, որ Հայաստանում ունեմ այդ «արտոնությունը»՝ զարմանալու, որ տղամարդիկ ծեծի են ենթարկում կանանց։ Կանանց նկատմամբ բռնությունը, եթե անգամ առաջացնում է հանրային «զարմանք», ապա ոչ թե լինելու, այլ տեսախցիկների առջև լինելու պատճառով։

Ավագանիում բռնություն ու սեռական ոտնձգություն իրականացրած բոլոր ՀՀԿ-ական տղամարդիկ պիտի ենթարկվեն հանրային և իրավական պատասխանատվության։ Փետրվարի 13-ին տեղի ունեցածը վերջապես դարձավ հանրային քննարկման առարկա (թքած անգամ բոլոր հետագա շահարկումների վրա), տարածություն բացեց խոսելու կանանց (և կին քաղաքական գործիչների) դեմ բռնության շարունակականության մասին, չլռեցվեց այնպես, ինչպես լռեցվել է միշտ ու ամեն պարագայում (նաև մեկ տարի առաջ՝ Զարուհի Փոստանջյանին ու Լիլիթ Դրամփյանին ծեծի ենթարկելով ՀՀԿ-ի նախընտրական շտաբից հանելուց հետո), ստացավ պատասխան և կունենա շարունակություն, ի վերջո հանգեցրեց նաև նրան, որ ԵԾ-ի հրապարակած պաշտոնական հայտարարությամբ առաջին անգամ(?) բարձրացվեց կանանց դեմ բռնության, կին քաղաքական գործիչներին սեռական ոտնձգության ենթարկելու խնդիրը՝ կուսակցական մակարդակով։ Մարինե Խաչատրայնն ցույց տվեց նաև՝ ինչ է պետք անել ու ինչ պիտի արվի Էդմոն Կիրակոսյանի նմանների հետ։

Եվ ուրեմն՝ ես տեսնում եմ այսօր կանանց, ովքեր իրենց համարձակությամբ և ուժով ուժ են տալիս նաև մեզ։ Երբ հանրապետական պատգամավորները բարոյախրատական ելույթներ են ունենում կնոջ հարիր ու անհարիր պահվածքի մասին, փորձելով արդարացնել սեփական հանցագործությունները, միակ աչքի ընկնող բանն ի վեռջո նրանց անհեթեթությունն է։ Որովհետև ես տեսնում եմ նաև կանանց, ովքեր վաղուց դուրս են եկել այդ սահմաններից ու ում հնարավոր չի վերադարձնել՝ կեղծ բարոյականությամբ հնազանդություն պարտադրելու տարածք։

Ես ինքս ինձ հարց եմ տալիս նաև. ինչպե՞ս է ստացվել, որ այսօր՝ խորհրդարանից մինչև ավագանի, կա ընդամենը մեկ ընդդիմադիր ուժ, որն ունի քաղաքական համարձակություն, ու այդ ուժը բաղկացած է կանանցից (այն պարագայում անգամ, երբ կանայք բացարձակ փոքրամասնություն են կազմում քաղաքական իշխանության բոլոր կառույցներում)։ Մի պատմություն մտքիս եկավ․ յոթ տարի առաջ որպես հարցազրուցավար մասնակցում էի մի հետազոտության, որն ուղղված էր ուսումնասիրելու կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Կա արդյոք որևէ տեսանելի տարբերություն կին և տղամարդ գյուղապետերի գործելաոճի մեջ հարցին ի պատասխան մի քանի անգամ լսել ենք կարծիք, որ հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ տղամարդիկ մարզպետարանների հետ հարցերը սովորաբար լուծում են սաունաների ու կովկաս-պանդոկների մակարդակում, ինչը, հավանաբար, արդյունավետ պիտի լինի անձնական, բայց անարդյունավետ է հանրային շահի տեսանկյունից։ Գուցե ԵԾ-ի կանանց տարբերությունը այլ տղամարդ ընդդիմադիրներից նույնպե՞ս կայանում է նրանում, որ նրանք դուրս են հարցեր լուծելու տղայական ձևերից, ի վերջո այդ կոդերի կրողն ու ենթական չեն ու կարող են դրսևորել քաղաքական համարձակություն՝ չլինելով ծանրաբեռնված բացառված լինելու վախով։ Գոնե այն պատճառով, որ բացառված են ի սկբանե։ Ու այդ տրամաբանությունից դուրս լինելն է նաև, որ պիտի ստեղծի քաղաքական նոր մշակույթ։

*Զարուհին կիրառում է ակտիվիստական մարտավարությունները (դեռ 2013-ից, օրինակ, ԱԺ պատգամավորների քվեաքարտերը հավաքելով) լինելով, համենայն դեպս, քաղաքական գործիչ, ով մուտք ունի ակտիվիստների համար ի սկզբանե փակ տարածքներ (արդյո՞ք ՀԲՃ-ի նմանատիպ միջամտությունները ի զորու էին առաջացնել նույնատիպ մեդիա-հետաքրքրություն)։ Կա դիրքերի, հնարավորությունների ու հետևանքների նախասահմանված տարբերություն։

**Այսօր Հայաստանում միակ տեսանելի քաղաքական դիմադրությունը, որն անդրադառնում է սոցիալական անարդարության խնդիրներին, հիմնվում է էթնոազգայնականության գաղափարական հենքերի վրա։

տեքստ՝ Զառա Հարությունյանի
պատկերը՝ Սոնա Աբգարյանի